ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ  իրականությունը. ՄՊՀ
Տնտեսություն
15:40 17/11/2023
Հայաստան

ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Այս մասի հայտնում են հանձնաժողովից։ 

«Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան:

Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝  Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ  իրականությունը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ  այդ երկրներում, որոնք  ընդ որում ունեն բենզինի սեփական պաշարներ, կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։

Միաժամանակ Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսավարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը»,- նշում են հանձնաժողովից։ 

 

Placeholder
ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ