2024-ի փետրվարին Էրմիտաժում  կբացվի Էրեբունի թանգարանի անկյունը
Մշակույթ
20:00 18/11/2023
Հայաստան

2024-ի փետրվարին Էրմիտաժում կբացվի Էրեբունի թանգարանի անկյունը

Նոյեմբերի 14-15-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի ազգագրության թանգրանում մասնակցել է «Թանգարան և դարաշրջան» միջազգային համաժողովին՝ ներկայացնելով «Էրեբունի թանգարանի համագործակցությունը պետական Էրմիտաժի և Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի հետ» խորագրով զեկույցը:  էրեբունի թանգարանից հայտնում են, որ այս կարևոր համաժողովին Հայաստանից ներկայացված են եղել նաև Հայաստանի պատմության թանգարանը, Հ. Շարամբեյանի անվան ռուսական արվեստի թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը և Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը:

Սանկտ Պետերբուրգ իրականացրած այցի ժամանակ Միքայել Բադալյանին ընդունել է նաև պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: Տեղի ունեցած հանդիպման ժամանակ Միքայել Բադալյանը Միխաիլ Պիոտրովսկուց շնորհակալություն է հայտնել Էրմիտաժի կողմից Էրեբունի թանգրանին ցուցաբերած աջակցության համար:  2024 թվականին Էրմիտաժի հնագետները կշարունակեն Էրեբունի թանգարանի մասնագետների հետ աշխատել Կարմիր բլուրում, իսկ Էրմիտաժի մի քանի բարձրակարգ վերականգնողներ կրկին փորձի փոխանակաում կունենան Էրեբունի թանգարանում:

Հանդիպման ընթացքում հաստատվել է, որ նախնականորեն 2024 թվականի փետրվար ամսին աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հասատություններից մեկը հանդիսացող Էրմիտաժում  կբացվի Էրեբունի թանգարանի անկյունը, որտեղ շուրջ մեկ տարի կներկայացվեն երեք հնագիտական առարկա, Էրեբունի-Երևանի 4 օրիգինալ ծննդյան վկայականներից մեկը, Երևանի ուրարտական դամբարանից հայտնաբերված մեկ աճյունասափոր և Նոր Արմավիրից գտնված մեկ երկկանթ սափոր, որը ներկայացնելու է երվանդյան Հայաստանը: Էրեբունի անկյունը հագեցած է լինելու նաև տեքստերով, ինչպես նաև այժմ Էրեբունի թանգարանում կիրառվող և մեծ ճանաչում ստացած վիրտուալ և լրացված իրականության փորձառություններով:

Հաջորդ տարի Էրեբունի թանգարանի նոր վերափոխված ցուցադրության բացումից հետո արդեն բացվելու է Էրմիտաժի անկյունն Էրեբունիում:

Placeholder
2024-ի փետրվարին Էրմիտաժում կբացվի Էրեբունի թանգարանի անկյունը