Պատանդառված իսրայելցիների հարազատները դուրս են եկել Նեթանյահուի դեմ
Քաղաքական
10:56 19/11/2023
Աշխարհ

Պատանդառված իսրայելցիների հարազատները դուրս են եկել Նեթանյահուի դեմ

Ծածանելով իսրայելական դրոշները, պատանդների լուսանկարներով պաստառները ձեռքներին ու մեջքերին փաթաթած՝  «Համաս» խմբավորման կողմից Գազայում պատանդ վերցվածների ընտանիքների անդամները և նրանց հազարավոր կողմնակիցներ բողոքի երթ են իրականացրել  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ։  Նրանք այստեղ են հասել Երուսաղեմի ստորոտների մոտից երթով։

CNN-ը գրում է, որ Իսրայելի վարչապետին շատերը մեղադրում են  իրենց ճակատագրի համար:

Երթը սկսվել է հինգ օր առաջ Թել Ավիվում։ Բողոքի գործողության նպատակն է  ճնշում գործադրել  Նեթանյահուի և նրա կառավարության վրա՝  առաջնահերթություն տալու  ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված շուրջ 240 մարդկանց անվտանգ վերադարձին, որոնք պատանդառվել են  հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ:

Հարձակումներից հետո միայն փոքրաթիվ ընտանիքներ են հանդիպել Իսրայելի առաջնորդին, ինչը վրդովեցրել է հարյուրավոր այլ հարազատների:

«Մենք ցանկանում ենք, որ նա գա և հանդիպի մեզ…և ճիշտ քայլեր իրականացնի», - CNN-ին ասել է Գիլ Դիքմանը, որի զարմիկ Կարմել Գաթին առևանգել են:

Նա ընդգծել է, որ պատանդների ազատումը պետք է լինի Իսրայելի ռազմական կաբինետի օրակարգում։

«Նեթանյահուի ներկայիս քաղաքական իրավիճակում սա կարող է իրական հաղթանակ լինել Իսրայելի պետության, Իսրայելի ժողովրդի և անձամբ Նեթանյահուի համար», - հավելել է նա:

CNN-ը   գրում է՝ քամին փչում է Իսրայելի վարչապետի դեմ, քանի որ Գազայում պատերազմը շարունակվում է ավելի քան վեց շաբաթ։ Բազմաթիվ սոցհարցումներ ցույց են տալիս, որ Նեթանյահուի և նրա կառավարող կոալիցիայի նկատմամբ ազգային բարեհաճությունը փլուզվում է։

Placeholder
Պատանդառված իսրայելցիների հարազատները դուրս են եկել Նեթանյահուի դեմ