Փորձում են Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ. Հակոբ Ենոքյան
Իրավունք
16:17 21/11/2023
Հայաստան

Փորձում են Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ. Հակոբ Ենոքյան

«Մայիսի 8-ից սկսած նախնական դատալսումների ամբողջ էությունը կայացել է Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է շատ կալանքի տակ պահելը»,- ասուլիսում ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում իրենք ոչ մի բան չեն արել։

«6 ամսից ավելի ընթացող նախնական դատալսումների ընթացքում, հարցերի հաջորդականության 1-ին կետից առաջ չենք անցել, դատարանը նոր հասել է  բացարկների ունկնդրմանը»,- ասաց պաշտպանը։

Հ.Ենոքյանի խոսքով, Վերաքննիչ դատարանի մոտ էլ է ակնհայտ եղել այն հանգամանքը, որ նկարագրված արարքում փողերի լվացում չկա։

«Իսկ մենք բազմիցս ասել ենք, թե ինչու է այս արարքը որակվել փողերի լվացում։ Քանի որ  փողերի լվացումն առանձնապես ծանր հանցագործություն է համարվում, իսկ առանձնապես ծանր հանցագործության համար  քրեական պատասխանատվությունից ազատվելու վաղեմության ժամկետն ամենաերկարն է։ Արարքը թվագրած է 2009 թվականի փետրվարի 16-ով, որի համար  հենց առանձնապես ծանր հանցագործություն է պետք, որպեսզի վաղեմության ժամկետը լրացած չլինի»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է այս տարվա մարտի 16-ից։ Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազությանտարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։

 

Placeholder