Ֆիլհարմոնիկի ֆլեշմոբը. անսպասելի նախատոնական անակնկալ՝ երևանցիներին
Մշակույթ
17:30 27/11/2023
Հայաստան

Ֆիլհարմոնիկի ֆլեշմոբը. անսպասելի նախատոնական անակնկալ՝ երևանցիներին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, երեկ երեկոյան հաճելի անակնկալ մատուցեց «Դալմա Գարդեն Մոլի» այցելուներին. նվագախումբը իրականացրեց ֆլեշմոբ` նվագելով Մորիս Ռավելի «Բոլեռո»-ն։

Ազգային ֆիլհարմոնիկի մոտ 80 երաժիշտներ, անսպասելի դուրս գալով մոլի տարբեր խանութներից, հավաքվեցին առաջին հարկի սրահում ու մաեստրո Թոփչյանի ձեռքի մի շարժումով՝ «Բոլեռո»-ի կրակոտ, իսպանական ռիթմերը տարածվեցին ողջ տարածքով` հիացմունք ու զարմանք պատճառելով այցելուներին։

Ֆլեշմոբը անսպասելի նախատոնական անակնկալ էր երևանցիներին և դասական երաժշտության տարածման գեղեցիկ ակցիա։ Իսկ դրա համար ընտրված ստեղծագործությունը` Ռավելի «Բոլեռո»-ն, նվագախմբային երկացանկի ամենասիրված ու տարածում գտած գործերից մեկն է: Այն հնչում է ֆիլմերում, թատերական ներկայացումներում, բալետային բեմադրություններում։

1979թ-ին, հնչելով ամերիկյան ռոմանտիկ-կատակերգական «10» ֆիլմում, աննախադեպ տարածում գտավ։ Մասսայական վաճառքը 1 միլիոն դոլարի հոնորար բերեց և կայծակնային կերպով Ռավելին դարձրեց ամենավաճառվող դասական կոմպոզիտորը։

«Բոլեռո»-ն Ռավելը գրել է 1928թ-ին, այն առաջին անգամ կատարվել է 1928թ.-ի նոյեմբերի 22-ին` Փարիզի «Գարնիե» օպերայում։


 

 

Placeholder
Ֆիլհարմոնիկի ֆլեշմոբը. անսպասելի նախատոնական անակնկալ՝ երևանցիներին