Իրավունք ունի՞ ՄԻՊ-ը հարցաքննել զինծառայողին. Panorama.am-ին պատասխանում են գրասենյակից
Իրավունք
11:20 29/11/2023
Հայաստան

Իրավունք ունի՞ ՄԻՊ-ը հարցաքննել զինծառայողին. Panorama.am-ին պատասխանում են գրասենյակից

Նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 09։50-ի սահմաններում ադրբեջանական զինուժի՝ ՀՀ սահմանին կրակոցից վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող;

Ըստ ՀՀ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝  կառույցի ներկայացուցիչները տեսակցել են  վիրավորված զինծառայողին:Վիրավորում ստացած զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։

Արդյո՞ք ՀՀ ՄԻՊ-ը իրավասու է հարցաքննել գործող զինծառայողին, թե՞ դա զինվորական ծառայությունների գործառույթն է։

Panorama.am-ի այս հարցին պատասխանել է  ՀՀ ՄԻՊ  խորհրդական Արթուր Ասլանյանը:

«Ի պատասխան Ձեր հարցադրման՝ տեղեկացնում ենք, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխման և դրա հիման վրա ընդունված Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով լայն երաշխիքներ են վերապահվել Մարդու իրավունքների պաշտպանին։ Հատուկ սահմանվել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու սահմանադրական իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում ունի ընդհանուր (միասնական) մանդատ, որի ներքո Պաշտպանի առաջնահերթություններից է զինծառայողների և ընդհանրապես Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։

Ի թիվս այլնի, մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում զինծառայողների կյանքի և առողջության պահպանման իրավունքի, այդ թվում՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորումը: Այս կապակցությամբ պարբերաբար այցեր են իրականացվում նաև զինվորական հոսպիտալներ, առանձնազրույցներ են տեղի ունենում զինծառայողների հետ, նրանց առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցերը տեղում քննարկվում են բժիշկների հետ:

Բնականաբար, դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների պատճառով վիրավորում են ստանում մեր զինծառայողները: Այս պարագայում ևս Պաշտպանի մանդատի ներքո հավաքագրվում են խախտումների մասին հիմնավորումներն ու փաստերը՝ դրանք ճիշտ հասցեագրելու նպատակով:

Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ մեր համայնքների անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող հայ զինծառայողների թիրախավորումներին Պաշտպանը բազմիցս է անդրադարձել, այդ թվում՝ 2023 թվականին հրապարակված արտահերթ զեկույցներում: Ընդ որում, զեկույցներն ուղարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին»:

Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը:

Placeholder
Իրավունք ունի՞ ՄԻՊ-ը հարցաքննել զինծառայողին. Panorama.am-ին պատասխանում են գրասենյակից