Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը
Մշակույթ
18:47 30/11/2023
Հայաստան

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (Տերյան 42/1) տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված գրադարանի 90-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում են գրադարանից։

«Ծրագրում նախատեսված է գրադարանի 90-ամյա հոբելյանին նվիրված բեմականացում, գրադարանին ընծայագրված գրքերի, հնատիպ գրքերի և գրադարանի հրատարակած գրքերի ցուցահանդես:

Գրադարանը հիմնադրվել է 1933թ-ին: 1962թ-ից ստանալով հանրապետական գրադարանի կարգավիճակ՝ դարձել է հանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող մանկական և դպրոցական գրադարանների մեթոդական կենտրոնը: 2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է որպես ազգային մանկական գրադարան:

Գրադարանն ունի շուրջ 550.000 միավոր բազմալեզու հավաքածու, տարեկան շուրջ 20 հազար ընթերցող:
Գրադարանում տարվա ընթացքում կազմակերպվում են հարյուրից ավել տարաբնույթ զանգվածային միջոցառումներ՝ հանդիպումներ, կլոր սեղաններ, համազրույցներ, քննարկումներ, վարպետաց դասեր, ցերեկույթներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և ցուցադրություններ, դասախոսություններ, հեքիաթապատումներ, տոնավաճառներ, փառատոններ և այլ հանդիսություններ:

Գրադարանն անդամակցում է «Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդին» (ԻԲԲԻ-ին), «Գրադարանների միջազգային ասոցիացիային» (ԻՖԼԱ-ին), «Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիային» (ՅԱՄԼ-ին):

1980թ-ից գործում է գրադարանի համար նախագծված նոր շենքում (ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան)՝ Տերյան 42/1 հասցեում»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը