ՄԻԱՎ-ի տարածվածությամբ առաջինը Շիրակի մարզն է
Առողջություն
11:44 01/12/2023
Հայաստան

ՄԻԱՎ-ի տարածվածությամբ առաջինը Շիրակի մարզն է

ՀՀ-ում ՄԻԱՎ-ի դեմ պայքարը սկսվել է 1988 թվականից և մինչ օրս գրանցվել է ՄԻԱՎ վարակի 5535 դեպք, իսկ այժմ Հայաստանում ապրում է ՄԻԱՎ վարակով 4356 մարդ։  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նա հայտնեց, որ ներկա պահին, ըստ հաշվարկային թվերի, ՄԻԱՎ-ի կարգավիճակի մասին գիտեն ՀՀ  քաղաքացիների ընդամենը  74 տոկոսը։

«Անհրաժեշտ է մեր ջանքերը մեկտեղել, որպեսզի այս թիվը բարձրանա։ Մեր նպատակն է,  որ առնվազն ՄԻԱՎ-ի  կարգավիճակ ունեցող մարդկանց 95 տոկոսն իմանան իրենց կարգավիճակի մասին»,- ասաց Ս.Աթոյանը։

Նա նշեց, որ 2023-ի հունվարի 1-ից մինչև  հոկտեմբերի 31-ը գրանցվել է  ՄԻԱՎ-ի 421 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում,  61 դեպք օտարերկրյա քաղաքացիների շրջանում։

Ներկայացված տվյալների համաձայն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում, հաջորդում է Լոռու և Գեղարքունիքի մարզերը:  ՄԻԱՎ-ի սեռատարիքային բաշխվածությունը 70-30 հարաբերակցությամբ է, այսինքն՝ վարկվածների 70 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը՝ կանայք։ Առավել մեծ խումբը`  25-39 տարեկան։

«Հայաստանը ցածր տարածվածության գոտում է գտնվում»,- ասաց Ս.Աթոյանը։

Նա հիշեցրեց, որ վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, ներերակային ճանապարհով և մորից պտղին։

«Արտագնա աշխատողները ՄԻԱՎ-ի ավելի բարձր տարածվածություն ունեցող երկրներում ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձինք, ինչպես նաև կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող անձինք»,-ասաց նա։

Ս.Աթոյանը հայտնեց, որ ՄԻԱՎ-ի բուժման ամբողջ փուլերն անվճար են։

Placeholder
ՄԻԱՎ-ի տարածվածությամբ առաջինը Շիրակի մարզն է