Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թաքնված ֆրիլանսներին բացահայտելու այլ մեխանիզմներ չկան, բացի բողոքները, օպերատիվ տվյալները. Սուրեն Պարսյան
Հանրագիտարանային ձևակերպմամբ Ֆրիլանսերը արտահաստիքային, ինքնազբաղ, հեռակա՝ մեծ մասամբ համացանցում, աշխատանք կատարող անձ է։ Վարձվում է ինքնուրույն, ժամանակավոր գործակալության կամ վեբ կայքերի միջոցով՝ կատարելու գործատուի պատվերները՝ չհաշվառվելով կազմակերպության աշխատակիցների հաստիքներում։ Գաղտնիք չէ, որ հատկապես քովիդի համաճարակից հետո ֆրիլանսերների թիվը կտրուկ ավելացավ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ինքնազբաղների օրեցօր մեծացող թվի գործունեությունն կանոնակարգող առանձին օրենսդրական կարգավորում արդյոք կա Հայաստանում: Հարցը պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Սուրեն Պարսյանին:
Ս. Պարսյան-Ֆրիլանսերները պետք է գրանցվեն, որպես անհատ ձեռնարկատերեր և իրենց գործունեությունն իրականացնեն կամ որպես ֆիզիկական անձ իրենց եկամուտները հայտարարագրեն: ՀՀ օրենսդիրն այդ երկու հնարավորությունները տալիս է: Երրորդ տարբերակն արդեն ապօրինի ձեռնարկատիրությունն է՝ եթե եկամուտներդ ո՛չ որպես ֆիզիկական անձ ես հայտարարագրում, ո՛չ անհատ ձեռնարկատեր: Պետությունը եթե ունենա տարբեր բողոքներ, դիմումներ, ապա դրանց հիման վրա կարող է վարույթներ սկսել նման եղանակով ֆինանս աշխատող մարդկանց նկատմամբ:
Panorama.am-Փաստորեն, թաքնված ֆրիլանսերների գործունեությունը կարգավորելու և նրանց բացահայտելու առանձին նորմատիվ-իրավական դաշտ չկա:
Ս. Պարսյան-Թաքնված ֆրիլանսներին բացահայտելու այլ մեխանիզմներ չկան, հիմնականում բողոքների, օպերատիվ տվյալների հիման վրա պետք է արվի,այլ կերպ չեն կարող: Երբ, օրինակ, մեկը մյուսին ծառայություն է մատուցել դժգոհ է մնացել՝ գնա հարկային մարմին բողոք ներկայացնի և դրա հիման վրա սկսեն այդ պրոցեսը:
Panorama.am-Եկամտի համընդհանուր հայտարարագրի ներդրումը նաև ուղղվա՞ծ է լինելու թաքնված ֆրիլանսերների բացահայտմանը
Ս. Պարսյան-Եկամտի հայտարարագրումը ներդրվում է փուլ առ փուլ: Առաջին փուլով հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական սեկտորի աշխատողները, այսինքը մասնավոր հատվածում գործունեություն իրականացնողներն ընդհանրապես կապ չունեն:
Երկրորդ փուլը սկսելու է հաջորդ տարի և մասնավոր սեկտորի վարձու աշխատողները պետք է ներկայացնեն հայտարարագիր: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր գրանցված են որպես աշխատող և պաշտոնապես են երևում: Այն մարդիկ, ովքեր գործազուրկ են, կամ թաքնված եկամուտներ ունեն, այդ մարդկանց եկամտի հայտարարագիրը: Երրորդ փուլով արդեն համատարած բոլորին է վերաբերում: Այն մարդիկ, որոնք ցույց չեն տալիս որևէ եկամուտ, նույնիսկ իրենք պետք է հայտարարագիր ներկայացնեն:
Հայտարարագրման ինստիտուտի հիմնական նպատակն է, որ կառավարությունը բացահայտի, թե ով ինչ եկամուտ ունի և իրականացնի հասցեական սոցիալական տնտեսական քաղաքականություն: Բայց գործնականում այն մարդիկ, ովքեր թաքցնում են իրենց եկամուտները, այնուամենայնիվ կշարունակեն թաքցնել, եթե այդ հնարավորությունը ունենան: Այսինքն եթե կանխիկով բազմաթիվ գործարքներ անեն, միջնորդավորված գործարքներ իրականացնեն, ապա կարող են իրենց եկամուտները դարձյալ ավելի ցածր հայտարարագրեն, քան իրական փաստացի տիրապետում են:
Կառավարությունն այս հայտարարագրմամբ նաև նպատակ ունի լրացուցիչ եկամուտներ հայտարարագրի՝ ակնկալելով, որ որոշ մարդիկ կարող են իրենց եկամուտները ցույց տալ և այդ եկամուտներից, որոշակի հարկեր է գանձվելու պետական բյուջե:
Կարելի է ասել, որ այդ գործընթացն արդեն սկսվել է: Այս տարվա դեկտեմբերի 1-ից բնակարանների վարձավճարներից պետք է մարդին 10% եկամտային հարկ պահեն և հայտարարգրեն: Այսինքը պասիվ եկամուտների մասով արդեն սկսել է այդ գործընթացը: Եթե չանեն, ապա նախատեսված է տուգանք: Հայտարարագրման այս ինստիտուտը կգործի հիմնականում այն ժամանակ, եթե հարկային մարմիններն ունենան բավարար տվյալներ որ, օրինակ, X անձը տարբեր եկամուտներ է ստացել: Իսկ այն հնարավոր է, եթե բողոքներ կամ ապացույցներ լինի։ Ասենք օրինակ Y անձը հայտարարի, որ X անձին գումար է տվել և այդ մասին հայտարարագիր ներկայացնի հարկային մարմնին:
Մյուս մեխանիզմներով շատ դժվար է լինելու բացահայտել իրական ստվերային շրջանառությունը, որն առկա է:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը Panorama.am-ին հայտնեց. «Այս պահին էլ օրենքը գործում է, որով ֆիզիկական անձը պարտավոր է տարվա ավարտին գնա և հայտարարագիր ներկայացնի, իր եկամտային հարկը պետությանը վճարի։ Եթե անձը ֆրիլանսեր է, գումար է գեներացրել, եկամուտ է ունեցել, ապա իր եկամտի 20%-ը պետք է վճարի»։
Լուսինե Մկրտչյանի պարզաբանմամբ՝ եկամտի հայտարարգրումը և եկամտահարկի վճարումը թողնված է անձին, որը պետք է գնա և այդ վճարումն անի և շատերը կան, որոնք ներկայացնում են իրենց եկամուտները՝ վճարելով հարկերը, բայց կան նաև մարդիկ, որ դրանք թաքցնում են։
«Բայց նրանց գործունեությունը մի օր կբացահատվի օպերատիվ տվյալներով և իրենց էլ կբերեն հարկման դաշտ»,-ասաց Մկրտչյանը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնեց, որ ֆրիլանսերների գործունեությունը կարգավորվում է ՀՀ Հարկային օրենսգրքի Եկամտային հարկով հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը գլխի դրույթներով։
Պատրաստեց՝ Արմեն Վարդանյանը