ԿԳՄՍ-ի «հետագան»՝ ինչպես ռսի «զավտռան»
Կրթություն, գիտություն
15:17 08/12/2023
Հայաստան

ԿԳՄՍ-ի «հետագան»՝ ինչպես ռսի «զավտռան»

«ԲՆՕՐՐԱՆ պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն, արձագանքելով «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրության մոտ առաջացած մտահոգություններին, նախաձեռնել էր մասնագիտական քննարկում, կարծիքների փոխանակում։ Պատմաբանները, գիտնականները ներկայացրել են իրենց մասնագիտական եզրակացությունը պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ Նրանք անդրադարձել են նաև դասագրքում առկա տեխնիկական խնդիրներին, առաջարկություններով հանդես եկել։ Panorama.am-ը դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ թե ինչպե՞ս է գնահատում մասնագետների ներկայացրած եզրակացությունը, առաջարկությունները, ունե՞ք հակադարձումներ, ո՞ր դեպքում նախարարությունը  կարող է կասեցնել դասագրքի կիրառումը և արդյո՞ք այդ եզրակացությունը կարող է կասեցման համար հիմք հանդիսանալ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պատասխանել է. ««Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված դասագրքերի ստեղծման և փորձաքննության գործընթացը ՀՀ-ում կազմակերպվել է առաջին անգամ. այն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2022թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված  «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» պահանջների համաձայն: Սահմանված կարգով իրականացված փորձաքննության արդյունքում «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի  դասագիրքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1342- Ա/2 հրամանով երաշխավորվել է գործածության:

Նշենք նաև՝ օրերս ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում  քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին:  7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք. դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են:

Կարևորելով գործընթացի թափանցիկության, օբյեկտիվության և վստահելիության ապահովումը՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է բոլոր դիտողությունները և առաջարկությունները՝ հետագայում, ըստ անհրաժեշտության,  փոփոխություններ կատարելու նպատակով»:


 

Placeholder
ԿԳՄՍ-ի «հետագան»՝ ինչպես ռսի «զավտռան»