Տնտեսվարողներին զգուշացրել են. Շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող
Տնտեսություն
11:40 14/12/2023
Հայաստան

Տնտեսվարողներին զգուշացրել են. Շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող

«Խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու»,-ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը  բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՌԴ գործընկերների դիրքորոշումը։

Ա. Հայրապետյանը ներկայացրել  ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։ Նրանք վստահեցրել են, որ բեռներն անցնելու են փաստաթղթային, ֆիզիկական և լաբորատոր փորձաքննություն, և, խնդիրներ չհայտնաբերելու դեպքում, անարգել անցնելու են վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը:

Տեսչական մարմնից հայտնում են՝ Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ ինքը ռուսական կողմին երաշխավորել է, թե արտահանվող բուսասանիտարական ենթահսկման բեռների անվտանգության հավաստագրերը տեսչական մարմնի կողմից տրվելու են միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո:

«Ամենայն ուշադրությամբ հետևեք արտահանման ներկայացվող արտադրանքի որակին, ապահովեք հետագծելիությունը. շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող», - հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը:

 Տնտեսավարողները հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենց բեռներից շատերն արդեն անարգել անցել են Լարսի սահմանակետը:

Placeholder
Տնտեսվարողներին զգուշացրել են. Շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող