Սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է․ Փաշինյան
Մշակույթ
15:10 21/12/2023
Հայաստան

Սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է․ Փաշինյան

«Նախագծով առաջարկվում է ԿԳՄՍ  բյուջեի կապիտալ ծախսերի բաժնում կատարել վերաբաշխում 510.5 մլն դրամի չափով, ինչպես նաև վերաբաշխման արդյունքում ձևավորված մնացորդը՝ 804 մլն դրամն ուղղել պահուստային ֆոնդ»,-կառավարության նսիտում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այդ միջոցները կուղղվեն կրթական և մշակութային կառույցների վերանորոգմանը։

Նիկոլ Փաշինյանը թվարկեց հատկացվելիք գումարի շրջանակում նախատեսվող աշխատանքների օբյեկտները։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում ծրագրի շրջանակում Փաշինյանն անդրադարձավ Արտաշատ մայրաքաղաքի պահպանված հատվածի հետ կապված խնդրին:

«Արտաշատ մայրաքաղաքի պահպանված հատվածը կամ տեսանելի, երևացող հատվածը գտնվում է փշալարերից այն կողմ»,-հայտարարեց փաշինյանը և նշեց, թե իր մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները, օտարերկրյա զբոսաշրջիկները, դպրոցների աշակերտները պիտի հասանելիություն չունենան  պատմական մայրաքաղաքին:

«Մենք հիմա այն տարածքները, որտեղ մեր երեխաներին տանում ենք էքսկուրսիա՝ որպես Արտաշատ պատմական մայրաքաղաք, այնտեղ ոչ մի բան չկա: Սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է, 7 բլուրներից մեկն է, բայց փշալարերից այն կողմ, նյութերը ես ինքս նկարահանել եմ, շատ պահպանված շինություններ կան»,-ասաց նա և հորդորեց խնդիրը լուծել։

Նա նաև ասաց, որ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում զբոսաշրջիկների ակտիվության միտում է նկատվում, բայց տեղանքում տարածքի բարեկարգման և կահավորման անհրաժեշտություն կա:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցման շրջանակում նախատեսվում է նաև «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքի բարեկարգում և ցույց տվեց գծապատկերը:

«Մենք Կառավարության որոշման դաշտ ենք բերում այն փուլում, երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված աշխատանքներն ավարտված են»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

 

Placeholder
Սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է․ Փաշինյան