Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին 20 տարում այդպիսի բան չէր եղել, որ մասնագետը չդիմեր դասագիրք գրելու մրցույթին. Սերոբ Խաչատրյան
Հայաստանի դպրոցներում այս տարի աշակերտները մոտ 10 առարկա առանց դասագրքերի են սովորելու: Ի՞նչն է դասագրքերի բացակայության պատճառը և ի՞նչ նյութերով են ուսուցիչներն այդ առարկաները դասապատրաստում: Այդ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին:
Ս. Խաչատրյան-Հետաքրքիրն այն է, որ բոլորը խոսում են 7-րդ դասարանի պատմության դասագրքի մասին, բայց ավելի լուրջ հիմնահարցն այն է, որ մոտ 10-ը առարկայի դասագիրք ընդհանրապես չկա, սա ավելի մեծ խնդիր է: Իհարկե, նախարարությունը մեղքը գցում է հեղինակների վրա, ասում է՝ դե չեն դիմել, ես ինչ անեմ, եթե դի մող չի եղել, ես ինչ պետք է ընտրեի: Բայց կա նաև սրա հարցը, թե ինչո՞ւ չեն դիմել: Հայաստանի պատմության մեջ վերջին 20 տարում այդպիսի բան չէր եղել, որ դասագրքին չդիմեին: Նշանակում է ՝ պայմաններն այն չեն եղել:
Օրինակ ռուսերենի ոչ մի դասագիրք չկա՝ ո՛չ 2-րդ, ո՛չ 5-րդ, ո՛չ 7-րդ դասարանների: Լավ, Հայաստանում չկա՞ ռուսերենի դասխոս, ուսուցիչ, մեթոդիստ, որ դասագիրք գրեր, իհարկե կար, բայց ինչո՞ւ չեն գրել, այ սա է հարցը, որը, ցավոք, անտեսվեց, մնաց ստվերում:
Սա լուրջ խնդիր է, մի ամբողջ տարի մոտ 10-ն առարկա առանց դասագրքի սովորելու են: Գերմաներենի, ինֆորմատիկայի, «Իմ հայրենիք»-ը առարկայի և այլ գրքերը չկան:
Panorama.am-Իսկ այդ դեպքում ի՞նչ էլեկտրոնային տարբերակներ են վերոնշյալ առարկաների համար, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է, թե պետք է դրանցով սովորեն:
Ս. Խաչատրյան-Չափորոշիչները Տավուշի մարզում փորձարկել են, այն իրականացնելու համար նյութեր են մշակել՝ դասապլան, դասի նյուքեր: Նախարարությունն ասում է՝ այդ նյութերը ես ինտերնետում դրել եմ, գնացե՛ք, տպե՛ք, օգտագործե՛ք, մինչև գրքերը լինեն, բայց այն խնդրի լուծում չէ և կրթության որակի վրա լուրջ ազդեցություն կթողնի:
Զրուցեց՝ Արմեն Վարդանյանը