Սմբատ Հովհաննիսյանը գրում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, և չի բացառվում, որ «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Բադալյան
Կրթություն, գիտություն
13:36 30/12/2023
Հայաստան

Սմբատ Հովհաննիսյանը գրում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, և չի բացառվում, որ «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Բադալյան

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանն ադրադարձել է  «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքի հրատարակիչ՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանի և դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի երեկվա ասուլիսին.

«Ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ և գիտական էթիկա

Հայոց պատմության 7-րդ դասարանի  դասագրքի վերաբերյալ մամլո ասուլիսի էին մասնակցում  Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմնյանը և դասագրքի հեղինակ, մեր գործընկեր Սմբատ Հովհաննիսյանը:

Ցավոք, մեր հարգարժան գործընկերը չխուսափեց անել ինձ համար խիստ անհասկանալի,  այս անգամ արդեն «ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ»  արտահայտությունը. նախքան լրագրողի հարցը, Սմբատ Հովհաննիսյանը կարծես թե խոսում էր գիտական էթիկայի մասին: Այնուհետև լրագրողի այն հարցին,  թե դասագրքի վերաբերյալ քննարկումների համար ինչու չեն հանդիպում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների հետ, պատմաբանների հետ, իր պատասխանում դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը անում է այսպիսի մի արտահայտություն.- «և որքան լավ կլիներ, որ այդպիսի քննարկումները հենց գիտական, հենց էն գլխից այսպես ասած գիտական տիրույթում, այլ ոչ թե ֆեյսբուքաֆիդայագիտական ուրեմն  գործառույթներով»…

Ակնհայտորեն, այս արտահայտության մեջ ֆիդային կիրառվում է բացասական իմաստով: Ըստ ինձ, դասագրքի հեղինակի այս արտահայտությունը նսեմացնում է հայ ֆիդայու կերպարը: Եվ եթե Սմբատ Հովհաննիսյանը դասագիրքը քննադատողների հանդեպ որոշակի էմոցիաներ է կուտակել, ապա լավ կլինի դրանք արտահայտելուց հանգիստ թողնի հայ ֆիդայուն:

Ինչո՞ւ եմ սա գրում: Որովհետև գիտնականների հետ հանդիպման ժամանակ պարոն Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ Սմբատ Հովհաննիսյանը գրում է Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրքը: Ընդ որում, այդ դասագրքում տեղ են գտնելու ֆիդայական շարժումը, ազգային ազատագրական շարժումը և շատ այլ կարևոր թեմաներ: Եթե Սմբատ Հովհաննիսյանը այս արտահայտության կերպ է անդրադառնալու նաև ֆիդայական շարժմանը, ապա չի բացառվում, որ մենք պետք է «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին:

Հարգելի Սմբատ, ես չեմ ուզում շատ մանրանալ ու խոսել գիտական էթիկայից, բայց, այո, եթե Դուք «էն գլխից», գիտական տիրույթում, դասագիրքը գրելու ժամանակ և դրանից հետո գոնե մի փոքր խորհրդակցեիք տարբեր մասնագետների հետ, եթե դիմեիք տարբեր գիտական հաստատությունների, ունենայիք մասնակցային մոտեցում, այո, իսկապես, այսօր նման պատկեր չէր լինի: Մանավանդ, երբ Դուք Հայոց պատմության մասնագետ չեք: Դուք արդարանում եք՝ պատճառ բերելով ժամանակի սղությունը: Միթե 1 ժամ ժամանակ չկար, միթե օրը 10-15 րոպե ժամանակ չկար այս տեխնոլոգիաներով զարգացած ժամանակահատվածում խորհրդակցել գործընկերների հետ: Առավել ևս, երբ Դուք Հայոց պատմության մասնագետ չեք: Չկար, թե՞ չէիք ուզում…

Եթե ժանակակը չէր հերիքում, չվերցնեիք նման պատասխանատվություն, չգրեիք այդքան սխալներով ու վրիպակներով լի դասագիրք: Ասում եք, որ արդեն ընդունել եք, որ դասագրքում  առկա են 40-ից  ավել սխալներ ու վրիպակներ: Հիմա դուք այդ սխալների համար պատասխանատո՞ւ եք աշակերտների և ուսուցիչների առաջ: Ի՞նչ, դասագրքի համար ներդիր եք դնելու: Պարզվեց, որ սխալներն ու վրիպակներն այնքան շատ են, որ դժվար թե ներդիրը նպաստի աշակերտների կարողունակությունների բարձրացմանը: Աշակերտը պետք է կարդա դասագիրքը, հետո ներդիրում փնտրի, թե թվյալ թեմայի վերաբերյալ որտեղ կան սխալներ ու վրիպակներ:

Լավ կլիներ նման եզրույթներ հորինելուց ու օգտագործելուց առաջ մի քիչ էլ խորհեիք Ձեր գիտական էթիկայի մասին:

Այդ դասագրքի վերաբերյալ եղավ շատ առողջ քննարկում, որը կազմակերպվել էր «Բնօրրան» կազմակերպության կողմից: Եղավ շատ առողջ քննարկում, որին ներկա էր նաև պարոն Սողոմոնյանը: Մենք իրար լսում էինք և չէինք խոսում ֆեսբուքաֆիդայագիտական գործառույթներից: Ի դեպ, բացի պարոն Սողոմոնյանից, ոչ ոք, այդ թվում և ոչ մի ուսուցիչ դրական կերպով չարտահայտվեց դասագրքի մասին»:

Placeholder
Սմբատ Հովհաննիսյանը գրում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, և չի բացառվում, որ «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Բադալյան