Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին
Քաղաքական
09:52 12/01/2024
Աշխարհ

Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաբազաներին Մերձավոր Արևելքում հարվածներ կհասցվեն, եթե այդ պետությունները շարունակեն հարվածները Եմենի վրա։  rbc.ru-ի հաղորդմամբ, Al Jazeera-ի եթերում ասել է հութիների ղեկավարության խոսնակ Աբդուլլահ բին Ամերը։

«Մեր հաստատությունները կայծակնային հարձակումների են ենթարկվել, և մենք չենք վարանի պատասխանել: Մենք ունենք հնարավորություններ, որոնք թույլ են տալիս օրինական ինքնապաշտպանություն իրականացնել»,- ասել է նա։

Հութիների ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդուլ Սալամն ասել է, որ «Եմենի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիան» արդարացում չունի և նշել է, որ իրենք կշարունակեն թիրախավորել դեպի Իսրայել մեկնող նավերը:

Եմենի արտաքին գործերի նախարարությունը երկրի վրա հարվածներն անվանել է «ագրեսիվ հարձակում» նավերի, սուզանավերի և ռազմական ինքնաթիռների միջոցով: «Ամերիկան և Բրիտանիան պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել և կրել այս բացահայտ ագրեսիայի բոլոր սարսափելի հետևանքները», - AFP-ի հաղորդմամբ,  ասել է Եմենի փոխնախարարը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ իր ցուցումով ԱՄՆ-ի զինված ուժերը Բրիտանիայի հետ և Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի ու Նիդեռլանդների աջակցությամբ հաջողությամբ հարվածել են Եմենում մի շարք թիրախների, որոնք օգտագործվում են հութի ապստամբների կողմից՝ սպառնալու համար նավարկության ազատությանը աշխարհի ամենահայտնի կարևոր ջրային ուղիներից մեկում։

Placeholder
Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին