Կնասպանությունը լուրջ խնդիր է Վրաստանում
Իրավունք
20:00 20/01/2024
Տարածաշրջան

Կնասպանությունը լուրջ խնդիր է Վրաստանում

«Սոցիալական արդարության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝  նվազեցնելու ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ կնասպանության դեպքերը։ «Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ այս տարվա առաջին երկու շաբաթների ընթացքում Վրաստանում արդեն կնասպանության երկու դեպք է գրանցվել. Հունվարի 3-ին ամուսինը սպանել է կնոջը Բաթումիում, հունվարինի 9-ին նման դեպք տեղի է ունեցել Թբիլիսիում։

2018-2022 թվականների ընթացքում տեղի է ունեցել կանանց սպանության 183 դեպք, դրանցից  66-ը որակվել է ֆեմիցիդ։ Առավել շատ դեպքեր գրանցվել են Վրաստանի մայրաքաղաքում, ապա՝ Քվեմա Քարթլիում։

37 սպանության զոհ են դարձել վրացուհիները, 17 դեպքում՝ ադրբեջանուհիները, 4 դեպքում՝ հայուհիները։ Կանայք եղել են 30-40 տարեկան։

Կազմակերպությունը նաև ուշադրություն է հրավիրում ուսումնասիրության արդյունքների վրա, որոնց համաձայն,  կանանց 18,2%-ը վերջին 12 ամիսների ընթացքում ենթարկվել է բռնության։ Մասնակից կանանց 50,1%-ը հայտնել է, որ կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվել է ընտանեկան բռնության: Խնդիրներից մեկն այն է, որ կանայք հաճախ ժամանակին չեն դիմում օգնության։ Կանանց 38,2%-ը երբեք ոչ մեկին չի պատմել իրենց զուգընկերների կողմից գործադրած բռնությունների մասին։

 

Placeholder
Կնասպանությունը լուրջ խնդիր է Վրաստանում