«Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա
Մշակույթ
14:00 22/01/2024
Հայաստան

«Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է փետրվար ամսվա խաղացանկը, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնից որևէ ներկայացում ներառված չէ այդ խաղացանկում։ Մինչդեռ՝ ԿԳՄՍ նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Աnդրեասյանը պնդում են՝ համաձայն կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է։

«Սա Սունդուկյան թատրոնի փետրվար ամսվա խաղացանկն է ու չկա Գոյ թատրոնի ներկայացումները՝ սա ի՞նչ է նշանակում, որ Գոյ թատրոնը չի միացել Սունդուկյան թատրոնին...»,- գրված է «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով Սունդուկյան թատրոնի փետրվար ամսվա խաղացանկը։

Թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարության կողմից տեղեկատվություն է տարածվում, թե «Գոյ» թատրոնը միացել է  Սունդուկյանի անվան թատրոնին, այնինչ դա այդպես չէ. «Դա փաստում է այն հանգամանքը, որ Սունդուկյանի անվան թատրոնը հրապարակել է իր խաղացանկը, որի մեջ չկա «Գոյ» թատոնից ոչ մի ներկայացում։ Դա փաստ է, որ, հետևաբար, «Գոյ» թատրոնը չի միացել Սունդուկյանի անվան թատրոնին, հետևաբար այդ լուրերը կեղծ են»։

Բացի այդ, նա մանրամասնեց, որ փոխանցման ակտը և միացման պայմանագիրը ստորագրվում է  հետևյալ կերպ. «Միացման պայմանագիրը ստորագրում են կազմակերպության տնօրենները, իսկ փոխանցման ակտի դեպքում կազմվում է հանձնաժողով, այս դեպքում ներառված են ներկայացուցիչներ Սունդուկյանի անվան թատրոնից, նախարարությունից և մեր թատրոնից։ Հանձնաժողովի անդամները պետք է ստորագրեն այդ ակտը։ Ինչքան էլ ստորագրած լինեն մնացածը, մեր թատրոնից երկու հոգի չեն ստորագրել։ Բնականաբար, այն վավեր չէ, հետևաբար դրանից բխում է, որ այդ գործընթացն ավարտված չէ»։

Նշենք, որ  «Գոյ» թատրոնն իր բեմում այս ամիս երկու անվճար ներկայացում է խաղացել՝ «Լոնդոն BLUES», «Եղիշե Չարենց «Քեֆս լավ ա՜...» ։ Երկու օրն էլ դահլիճը եղել է լեփ-լեցուն։

«Որոշեցինք այս ամիս մեր բոլոր ներկայացումները խաղալ անվճար։ Հանդիսատեսն այս ամբողջ ընթացքում եղավ թատրոնի կողքին, իսկ սա քաղաքի, հանդիսատեսի թատրոնն է, նրանք պայքարում են, որ թատրոնը լինի, չմիանա Սունդուկյանի անվան թատրոնին։  Ի շնորհակալություն այդ ամեն ինչի՝ որոշեցինք մեր ներկայացումները խաղալ անվճար»,- ասաց Ս. Արզումանյանը։

Նա տեղեկացրեց, որ դեռ երկու անվճար ներկայացում խաղալու են՝ հունվարի 25-ին «Գшրեգին Նժդեh․ իրական առասպել» փաստավավերագրական ներկայացումը, հունվարի 30-ին՝ «Օտարը»։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվի և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Դատարանի որոշում չկա, սակայն նախարարությունից հայտնում են, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» թատրոնի միավորման ակտն արդեն ստորագրվել է։

Placeholder
«Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա