Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի դեմ ռազմամոլ և ագրեսիվ քաղաքականություն հրահրելու մեջ
Քաղաքական
11:25 23/01/2024
Տարածաշրջան

Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի դեմ ռազմամոլ և ագրեսիվ քաղաքականություն հրահրելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն է հրահրում Բաքվի նկատմամբ։

«Մենք կտրականապես մերժում ենք Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի անհիմն մեղադրանքները, որոնք հնչել են նրա կողմից հունվարի 22-ին ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ Ամբողջովին խեղաթյուրելով Ադրբեջանի նախագահի՝  Ադրբեջանի և Հայաստանի տարածքների պատմական փաստերի վերաբերյալ հայտարարությունները՝ բարձր ներկայացուցիչը ռազմամոլական և ագրեսիվ քաղաքականություն է մղում Բաքվի դեմ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ադսրբեջնաի ԱԳՆ-ի կայքում հրապարակված մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Դիվանագետի խոսքով, Բորելի կողմից փաստերի խեղաթյուրումը «անտեսում է Ադրբեջանի օրինական շահերը, իսկ նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունները»:

Ըստ Հաջիզադեի՝ Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը, կայունությանը և հիմք է ստեղծել խաղաղության համաձայնագրի կնքման համար։

ՀԳ.Վերջին հայտարարությամբ ադրբեջանցի դիվանագետն, ըստ էության, ասում է, որ 2020 և 2023 թվականներին Արցախի ժողովրդի դեմ հրահրած ռազմական ագրեսիայի, այնուհետև ՀՀ սուվերրեն տարածք ներխուժելու միջոցով Ադրբեջանը պայմաններ է ստեղծել խաղաղության պայմանագրի կնքման համար։ Նման հիմնավորումները կարող են միայն դիտարկվել աբսուրդների ժանրում։

Placeholder
Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի դեմ ռազմամոլ և ագրեսիվ քաղաքականություն հրահրելու մեջ