Երբ ցավն ու ուրախությունը կողք-կողքի են. «World Press Photo» ցուցահանդեսի լավագույն նկարները՝ Հայաստանում
Մշակույթ
17:00 23/01/2024
Հայաստան

Երբ ցավն ու ուրախությունը կողք-կողքի են. «World Press Photo» ցուցահանդեսի լավագույն նկարները՝ Հայաստանում

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց  «World Press Photo» ցուցահանդեսը, որին ներկայացված են  World Press Photo  հեղինակավոր մրցույթի հաղթողների գործերը, որոնք պատկերների միջոցով բարձրաձայնում են կարևորը,  պատերազմի և խաղաղության արժեքը։ 

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «World Press Photo» ցուցահանդեսն աշխարհի ամենահեղինակավոր մրցույթն է լուսանկարչության ասպարեզում, որն անցկացում է ամեն տարի։

«Ցուցադրությունը վեր է հանում մարդկության համար կարևորագույն խնդիրներ, խնդիրներ, որոնք ունեն  համամարդկային նշանակություն։ Դրանք կյանքի ու մահվան, առողջության և հասարակության, հավասարության և փոքրամասնությունների, կլիմայի փոփոխության խնդիրներն են»,- ասաց Մ. Գրիգորյանը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ուկրաինացի լուսանկարիչ, «Տարվա լուսանկար» անվանակարգի հաղթող Եվգենի Մալոլետկան: Նա ներկայացրել է  Մարիուպոլի պաշարման լուսանկարներ։

Լրագրողների հետ զրույցում նա պատմեց հաղթող նկարի պատմությունը. «World Press Photo» 2023 թվականի հաղթող լուսանկարում 32-ամյա Իրինա Կալինինան է՝ վիրավոր հղի կին, որին տեղափոխվում է ծննդատնից, որը վնասվել է 2022 թվականի մարտի 9-ին Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ռուսական ավիահարվածի ժամանակ: Նրա երեխան, ում Միրոն էր անվանելու (նշանակում է՝ խաղաղություն), մահացած էր ծնվել, ու կես ժամ անց Իրինան նույնպես մահացել էր:

«Պաշարված քաղաքն անդադար հրթիռակոծվում էր։ Երբ գնացինք լուսանկարներ անելու, մենք չգիտեինք, թե ինչն են հարվածում, գնում էինք ձայնի ուղղությամբ։ Հասանք և տեսանք, որ հիվանդանոց է։  Հղի կինը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ուներ, այդ ցավերի մեջ անդադար բղավում էր՝  փրկել իր երեխային»,- հիշեց ուկրաինացի լուսանկարիչը։

Եվգենի Մալոլետկան նշեց, որ պատերազմը սարսափելի է բոլորի համար և կիսում է այն ցավը, որ հայերն են ապրել Արցախյան պատերազմի ժամանակ։ Նա 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ Արցախում է եղել, լուսանկարներ արել։

Մրցույթի երկարաժամկետ նախագիծ մրցանակին է արժանացել հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի՝ «Ծեծված ջրեր» նախագիծը Կենտրոնական Ասիայի դեպի ծով ելք չունեցող չորս երկրների ջրային ռեսուրսների համակարգման բացակայության խնդիրների վերաբերյալ: Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը տարիներ շարունակ ջրի ու էներգակիրների սեզոնային փոխանակում էին անում, սակայն ԽՍՀՄ փլուզումից և արդյունաբերության մասնավորեցումից հետո այս մոտեցումն անկայուն դարձավ: Ջրի անկայուն օգտագործումը և վերջին տարիների ծանր երաշտները խտացնում են մարտահրավերների գույները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան հետ համագործակցությամբ։ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարի խոսքով,  ներկայացված լուսանկարները իրական պատմություններ են՝ երբեմն արտահայտեով տառապանք, երբեմն հույս և հավատ։

Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց։ 

Placeholder
Երբ ցավն ու ուրախությունը կողք-կողքի են. «World Press Photo» ցուցահանդեսի լավագույն նկարները՝ Հայաստանում