Աստված ինձ նվիրեց այս տարիքը, 85-ին հասնելու այս ուրախությունը. Տիգրան Մանսուրյան
Մշակույթ
15:17 26/01/2024
Հայաստան

Աստված ինձ նվիրեց այս տարիքը, 85-ին հասնելու այս ուրախությունը. Տիգրան Մանսուրյան

«Վաղը մենք կարևոր համերգ ունենք»,- ասուլիսում իր խոսքը սկսեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։
Համերգին ելույթ է ունենալու  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

«Իմ պատասխանտու համերգներից մեկն է, անշուշտ։  85, փառք Աստծո, Աստված ինձ նվիրեց այս տարիքը, այստեղ հասնելու այս ուրախությունը։ Իմ 85-ամյակը կնշվի սիմֆոնիկ համերգով»,- ասաց մաեստրոն։

Կոմպոզիտորը խոստովանեց, որ աշխատանքից հաճույք ստանալը կյանքում ամենակարևոր բաներից է, և իր համար երաժշտությունը շարունակում է մնալ հաճույք։

Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները։

Ծրագրում՝ Տիգրան Մանսուրյան Կոնցերտ ալտի և նվագախմբի համար թիվ 1 և Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար թիվ 1, կհնչի Մանսուրյանի ինոերաժշտությունը։ Մենակատարներ՝ Սերգեյ Պոլտավսկի (ալտ),  Լեա Զու (ջութակ), դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ կարևոր է իր համար վաղվա համերգը։ 

«Հայաստանում և Հայաստանից դուրս պատկերացնում են տարբեր Տիգրան Մանսուրյաններ։ Համերգի ծրագիրը խոսում է հենց այդ մասին. առաջին բաժնում կհնչեն մաեստրոյի ստեղծագործություններ ալտի ու ջութակի համար։ Ալտի կոնցերտը շատ հայտնի է աշխարհում, նոմինացվել է «Գրեմմիի», երկրորդ բաժնում կլսեն  ֆիլմերի երաժշտությունը՝ գրված մաեստրոյի մասին»,- նշեց նա։  

Մաեստրո Մանսուրյանը խոսեց նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ իրենց համատեղ աշխատանքը նվագախումբ-դիրիժոր-կատարող և հեղինակ համագործակցության եզակի օրինակ է, առանց որի հեղինակը միշտ լուրջ խնդրների առջև կկանգնի միշտ։

Ասուլիսի ավարտին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն անակնկալ մատուցեցին մաեստրոյին՝ կատարելով նրա կինոերաժշտությունից հատվածներ։ 

Placeholder
Աստված ինձ նվիրեց այս տարիքը, 85-ին հասնելու այս ուրախությունը. Տիգրան Մանսուրյան