Նոր Ջուղայի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ
Կրթություն, գիտություն
08:30 30/01/2024
Հայաստան

Նոր Ջուղայի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ

Հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իրանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ, հանդիպումներ է ունենում Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությանը ողջունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քէճէճեանը։

Մատենադարանից հայտնում են, որ պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատուն և արխիվների վերականգնման կենտրոն, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։

Մատենադարանի նախաձեռնությամբ ձեռագիր ժառանգության վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով Նոր Ջուղայի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ։

Այս նախաձեռնությամբ Մատենադարանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու աշխարհի տարբեր կենտրոններում հայկական գրավոր ժառանգության պահպանմանը։ 

Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թանգարանում տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։

Իվեթ Թաջարյանն անդրադարձել է իրանահայերի, մասնավորաբար՝ Ավո Հովհաննիսյանի, Ժոզեֆ Փափազյանի և Էմանուել Սևրուգյանի նվիրատվություններին, որոնք ընդգրկված են պատկերագրքի մեջ։ 

Միջոցառմանը ներկա են եղել Սպահանի հայոց թեմի առաջնորդը, Նոր Ջուղայի  Ազգային Առաջնորդարանի դիվանապետը, հասարակական գործիչներ, համայնքի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի գրադարանի և հանրային կապերի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը խոսել է Մատենադարանի նոր ցուցադրությունների, համալրումների և վերականգնման ոլորտում նախանշվող համագործակցության վերաբերյալ։
Պատկերագրքերը փոխանցվել են գրադարանին և Նոր Ջուղայի կրթական ու մշակութային հաստատություններին։

 

Placeholder
Նոր Ջուղայի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ