Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
Մշակույթ
15:06 07/02/2024
Հայաստան

Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» թատրոնի միավորումն արդեն իրականություն է։ Ասուլիսում հայտարարեց Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

«Հունվարի 30-ին կառավարության որոշման համաձայն, պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպեց՝ միավորելով Սունդուկյան թատրոնի հետ, կա նաև կանոնադարության փոփոխությունը»,-  նշեց նա։

Վ. Մկրտչյանն ասաց, որ իրենք չեն այս գործընթացի նախաձեռնողը. «Կա կառավարություն, կառավարության որոշում, կա դրա իրագործում, որն արդեն իրականություն է։ Մենք հայտարարել ենք, ես ինքնս եմ հայտարարել, որ  այո, մենք այդ կառավարչական, ֆինանսատնտեսական հատվածը ստանձնում ենք, անելու ենք ամեն ինչ շատ ավելի լավ, շատ ավելի որակյալ, իսկ մնացած մեկնաբանությունները... թույլ  տվեք նման զրույցների մեջ չմտնել»։

Ասուլիսին ներկա Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ասաց, որ առանձնազրույց  է ունեցել կԳՄՍ նախկին, ներկա փոխնախարարների, թատրոնի տնօրենի հետ այդ հարցի հետ կապված։

«Երբ որ մի միավոր միանում է քո միավորին, պետք է հասկանաս, թե որպես գեղարվեստական ղեկավար ինչ ֆունկցիա ունես այդտեղ կատարելու։ Հայտարարում եմ՝ ես այդ թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ։ Կարող է մի դերասան լինի, ասեմ՝ մի հատ արի, օրինակ, «Համլետ» խաղա։ Բայց չեմ մտածում, որ ես այդ դերասանների, թատերախմբի հետ որպես «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է  աշխատեմ։ Ես մտածում եմ, որ «Գոյ» թատրոնը, ինչպես այդտեղ աշխատել է, նույնձև աշխատելու է, ուղղակի փոխվում է կառավարման մոդելը»,- ասաց Արմեն Էլբակյանը։

Նա նշեց, որ անընդհատ ռեպլիկներ է լսում Սունդուկյան թատրոնի վերաբերյալ. «Զգուշաբար են անում, բայց անում են։ Շատ-շատ ներում են բոլորին, հասկանում եմ, որ ցավոտ է այդ ամենը»։

Մանրամասն՝  տեսանյությում։ 

Placeholder
Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար