Փաշինյանը բացատրեց, թե ինչ նկատի ունի չորրորդ հանրապետություն ասելով
Քաղաքական
16:54 07/02/2024
Հայաստան

Փաշինյանը բացատրեց, թե ինչ նկատի ունի չորրորդ հանրապետություն ասելով

«Ես ինչ նկատի ունեմ ասելով չորրորդ հանրապետություն։ Ներքին իմաստով նկատի ունեմ  ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե սահմանադրության փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից և բոլորը, ովքեր նույնիսկ դեմ են քվեարկել, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նույնիսկ չի քննարկի այն հարցը, որ ասում են՝ «այ, իշխանությունը պատրաստվում է  կեղծիք անել, սահմանադրական հանրաքվե կեղծել և այլն»։

«Մեր կառավարման օրոք Հայաստանում ոչ մի ընտրակեղծիք տեղի չի ունեցել, ոչ մի մակարդակում։ Եթե նույնիսկ մեր կառավարման օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի կեղծել ընտրություն, գրեթե համոզված եմ, որ նույնիսկ մենք չենք կարող անել նման բան որոշելու դեպքում։ Իսկապես եմ ասում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարությունը, կառավարող քաղաքական ուժը չունի սեղանին դնելու փաթեթ ու ասի՝ սա է առաջարկում. «Դա  վատ չէ, ընդհակառակը լավ է, կարծում եմ՝ նախ հանրության մեջ  պետք է տեղի ունենա քննարկում, թե ինչի մասին է, ինչի համար է։ Կարևոր եմ համարում նախ  խոսակցություն տեղի ունենա, ըմբռնում ձևավորվի, որ դա կարևոր է, պետք է անել, հետո նոր անցնել բովանդակությունը։

Կարող եմ հետևյալն ասել. ավանդույթ կա, որ փորձ է  արվում սահմանադրությունները հարմարեցնել կամ գործող կառավարությանը, գործող ղեկավարին, կառավարող թիմին։ Մեր մտադրություններն այդպիսին չեն, չեն կարող լինել։ Դրա անհրաժեշտությունն ուղղակի չկա»։

Placeholder
Փաշինյանը բացատրեց, թե ինչ նկատի ունի չորրորդ հանրապետություն ասելով