Juli's ռեստորանի չորս աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչ
Առողջություն
16:01 14/02/2024
Հայաստան

Juli's ռեստորանի չորս աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչ

ՀՎԿԱԿ-ը փետրվարի 8-10-ն աղիքային վարակիչ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով 12 քաղաքացիների հոսպիտալացման մասին ահազանգեր  է ստացել։  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը Panorama.am-ին հայտնեց, որ հիվանդներից  3-ը հոսպիտալացվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, 8-ը՝ Ինֆեկցիոն ազգային կենտրոնում։ Մեկ հիվանդ հրաժարվել է հոսպիտալացումից։

«Փետրվարի 8-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ստացանք տեղեկատվություն, որ մեկ պացիենտի  հայտնաբերվել է սալմոնելա տեսակի հարուցիչ։ Շտապ հաղորդումը ստանալու օրը կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն, որի  արդյունքում պարզվել է, որ թունավորվածներին կապող օղակը եղել է այն, որ բոլորը սնվել են նույն  սրճարանում։ Նրանք կերել են սաղմոնով սպագետի, սաղմոնով վաֆլի և այլն, որից հետո սկսել է սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում»,-մանարամասնեց Աբովյանը։

Դրանց հետո իրականացվել է աշխատակիցների կենսանմուշների նմուշառում, խմելու ջրի, սնդամթերքի, արտաքին միջավայրի մակերեսների։

«Աշխատակիցներից չորսի մոտ հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչը, 30 նմուշներից 5-ում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Խմելու ջրի և սննդամթերքի նմուշներում շեղումներ չեն եղել։ Դրանից հետո հոսպիտալացված հիվանդներից ևս 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա, այդ թվում նաև Միքայելնի վիրաբուժության ինստիտուտ տեղափոխված երկու պացիենտների մոտ»,-ասաց նա։

Այս պահին հոսպիտալացված հիվանդնրից բուժումը շարունակում են երեքը՝ երկուսը «Միքայելյանում», մեկը՝ Ինֆեկցիոն ազգային կենտրոնում։  Վերջին հոսպիտալացումը տեղի է ունեցել փետրվարի 10-ին։

Սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում  Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։

Placeholder
Juli's ռեստորանի չորս աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչ