Բաքուն մեղադրանքներ է հնչեցնում Բորելի և ԵՄ դիտորդական առաքելության հասցեին
Քաղաքական
11:11 14/02/2024
Տարածաշրջան

Բաքուն մեղադրանքներ է հնչեցնում Բորելի և ԵՄ դիտորդական առաքելության հասցեին

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարություններն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնք նա արել է Բրյուսելում ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Հայտարարությանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

Այդ երկրի ԱԳՆ-ն անհիմն է համարել  Ջոզեպ Բորելի  հայտարարությունը, ըստ որի Ադրբեջանը ՀՀ սահմանին անհամաչափ գործողությունների է դիմել, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ-ն ունի 4 զոհ։
Բաքուն համարել է, որ սահմանից զորքերը դուրս բերելու Բորելի առաջարկը գործնական նշանակություն չունի, և քննադատել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Մեկնաբանության մեջ ասվում է, որ չնայած Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խաղաղարար նախաձեռնություններին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը «միակողմանի հայամետ դիրքորոշում ունի և դրանով անդունդ է ստեղծում» Ադրբեջանի և եվրոպական կառույցների միջև։

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Բորելն ասել էր. «Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հակառակորդ ուժերի միջև հեռավորություն սահմանելու անհրաժեշտությունն ու հրատապությունը։ Սա այն է, ինչ երկար ժամանակ պահանջում է Եվրամիությունը։ Ես վերահաստատում եմ Եվրոպական Միության լիակատար և ամբողջական հանձնառությունը՝աջակցելու կայուն խաղաղությանը ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա»։
 

Placeholder
Բաքուն մեղադրանքներ է հնչեցնում Բորելի և ԵՄ դիտորդական առաքելության հասցեին