Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
««Գոյ» թատրոնի ներկայացուցիչները հունվարի 18-ից բանակցություններ են ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ որպես Անկախ Թատրոնի (ՍՊԸ)-ի անցումային փուլի միասին կազմակերպումը»։ Այս մասին նշված է թատրոնի տարածած հայտարարության մեջ։
Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասաց, որ նախարարության կողմից է իրենց առաջարկվել, ոչ թե իրենք են առաջարկել հանդես գալ որպես անկախ թատրոն։
«Ասում են, որ փակում ենք, կարո՞ղ է ուզեք ձեզ աջակցենք որպես անկախ թատրոն լինեք, պետության կողմից չֆինանսավորվեք։ Առաջարկն իրենց կողմից է»,- մանրամասնեց Արզումանյանը։
Իսկ թե ինչ են պատասխանել, ասաց՝ ասուլիսի ժամանակ կհայտարարեն, որը կայանալու է փետրվարի 19-ին։
Թատրոնի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Փետրվարի 19-ին, ժանը 11:00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի Գոյ Թատրոնի «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅԱՆ» ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։
2023 թ. հոկտեմբերի 20-ից հետո սկսել են բազմաթիվ խախտումներ, որի մասին կներկայացնենք մամուլի ասուլիսին։
1. 2023թվականի դեկտեմբերի 25-ին առանց հիմքերի և զգուշացումների ԿԳՄՍ նախարարի հրամանով դադարեցվել է տնօրենի պարտականությունների լիազորությունները։ Նույն օրը նշանակվել է Կարեն Սիմոնյանը, որպես տնօրենի Ժ/Պ։
2. Նախարարությունը առանց սպասելու դատարանի որոշմանը, ապօրինի հրավիրում է ընդունման-հանձման հանձնաժողովի նիստ, այն հանձնաժողովի որի ժամկետները և լիազորությունները ըստ Որոշման արդեն սպառվել էին, իսկ նոր հրաման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ չի եղել։ Տեղեկացնենք, որ հանձնաժողովի երկու անդամներ` Գոյ Թատրոնից չեն մասնակցել նիստին։
3. 2024թ-ի հունվարի 15֊ին փաստաբան Կարո Ասատրյանի լիազորությունները դադարեցվում է առանց հիմնավոր պատճառի։ Նորանշանակ տնօրենը ունենալով ակնհայտ շահերի բախում, այդպես փորձել է վիժեցնել դատական գործընթացը։
4. 2024թ-ի հունվարի 24֊ին ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո Կարեն Սիմոնյանը և Վարդան Մկրտչյանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն են ներկայացրել վերակազմակերպման և Գոյ Թատրոնի իրավական կարգավիճակի դադարեցման դիմումներ։
5. 2024թ-ի հունվարի 31-ին տեղեկանալով այդ մասին դիմում ենք ներկայացրել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կոմիտե, որպեսզի ձեռնպահ մնան գրանցում կատարելուց։ Ի պատասխան մեր գրության, հայտնել են, որ դեռևս 30.01.2024թ-ին կատարվել է համապատասխան գրանցում։
6. Այս բոլոր գործընթացին զուգահեռ Գոյ Թատրոնի ներկայացուցիչները 2024թ-ի հունվարի 18-ից բանակցություններ են ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ, որպես Անկախ Թատրոնի (ՍՊԸ)-ի անցումային փուլի միասին կազմակերպումը։
Ակնկալում ենք մեր աջակիցների ներկայությունը, որպես միասնական ուժ, ընդդեմ անարդարության և ապօրինության, հանուն մշակույթի։ 2024թ-ի փետրվարի 19-ին ժամը 12։30 Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում»։