«Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդակցության ժամանակ Թեհրանում քննարկվել է Արցախի հիմնահարցը և կորուստը
Քաղաքական
14:03 18/02/2024
Տարածաշրջան

«Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդակցության ժամանակ Թեհրանում քննարկվել է Արցախի հիմնահարցը և կորուստը

ՀՅԴ կուսակցությունից հայտնում են.

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Արցախի հիմնահարցն ու կորուստը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, տարածաշրջանային իրավիճակը և այն ամէն մտահոգութիւններն ու ապագայ հնարաւոր զարգացումներն ու մեր անելիքները այն թեմաներն էին, որոնք քննարկւեցին «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ փետրւարի 15-ին և 16-ին, Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպւել էր «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ Հայաստանից, Արցախից հրաւիրւած հիւրերի և իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչների ու ազգային մարմինների մասնակցութեամբ:

15-րդ խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականութեան և ինքնիշխանութեան պահպանման համար»:

Խորհրդաժողովը նախագահում էին՝ Սոֆի Ջաղարբէգեանը, Արամ Շահնազարեանը և Գէորգ Ղուկասեանը:
Սկզբում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր օրհնութեան խօսքը փոխանցեց խորհրդաժողովին: Իր ելոյթում Սրբազան Հայրը նշեց, որ Հայ Դատը հարիւրաւոր տարիների դատ է մեր ժողովրդի պատմութեան և գոյութեան հետ կապւած, այն օրւանից, երբ Հայաստանը պարագայաբար կորցնում էր իր անկախութիւնը, այդ ժամանակւանից սկսւել է Հայ Դատը: Սրբազան Հայրը դատապարտեց աշխարհի լուռ անտարբերութիւնը Արցախի հարիւր հազարաւոր հայորդիների բռնի տեղահանման և Արցախի օկուպացման, իսկ այսօր, նաև Գազայում Պաղեստինի ժողովրդի տեղահանման ու նրանց կոտորածի ենթարկելու կապակցութեամբ:

Խորհրդաժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, անդրադառնալով «Հայ Դատի պայքարի նորօրեայ թիրախների ճշգրտումը, ռազմավարութեան և մարտավարութեան մշակումը առկայ պայմանների և իրականութեան ֆոնին» խորագրով ամփոփւած թեմային, համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակը, հասարակութեանը հրամցւող «խաղաղութեան բանակցութիւնների» իրական պատկերը, առկայ մարտահրաւէրներն ու վտանգները:

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն անդրադարձաւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ընդդիմութեան անելիքներին առկայ ճգնաժամը յաղթահարելու գործում թեմային:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի բանախօսութեան թեման էր. «ԶԼՄ-ների դերակատարութիւնը՝ համահայկական հանրային մտքի ձևաւորման, հասարակական անտարբերութիւնը վերացնելու և իշխանական ամբոխավարական քարոզչութեանը դիմագրաւելու և չէզոքացնելու գործում»:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանն, անդրադարձաւ բռնագաղթւած արցախահայութեան սոցիալ-տնտեսական ներկայ իրավիճակին և Արցախի Հանրապետութեան պետական-քաղաքական ինստիտուտների պահպանման կարևորութեանը և համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանում արցախահայութեան իրաւական ճղճիմ կարգավիճակը:

Սպահանի հայոց թեմից, Վարուժ Մովսիսեանն անդրադարձաւ ՀՀ իշխանութիւնների կողմից Հայոց պատմութիւնը աղաւաղելու փորձերին՝ նշելով, թէ ինչ նպատակներ են հետապնդում այդ փորձերը և ինչ ազդեցութիւն կարող են ունենալ դրանք ապագայում:

Հայոց Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայ Առաքելական Եկեղեցու կարելիութիւններին՝ համազգային ճգնաժամը դիմագրաւելու գործում և այն մասին, թէ ինչո՞ւ է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին յայտնւել ՀՀ գործող իշխանութիւնների թիրախում: Սրբազան Հայրը իր ելոյթը ամփոփեց Արցախեան նահատակների անաւարտ գործը համազգային համախմբւածութեամբ իր աւարտին հասցնելու հրամայականով:

«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմի անդամ Սիւնէ Ֆարմանեանը, ներկայացրեց «Սփիւռքը մեկուսացնելու փորձը՝ համազգային միացեալ ճակատի թուլացման պատճառ: Ինչո՞ւ են ՀՀ գործող իշխանութիւնները փորձում Սփիւռքին հեռու պահել առկայ քաղաքական գործընթացներից» թեման, իսկ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանն անդրադարձաւ Իրանի յարաբերութիւններին թէ՛ Հայաստանի, և թէ՛ Ադրբեջանի հետ 44-օրեայ պատերազմից յետոյ: Նա ներկայացրեց այն իրական պատկերը, որն առկայ է աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին:

ՀՀ Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ և քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ ՀՀ արտաքին քաղաքականութեան արևելման փոփոխութեան և ներկայ պայմաններում Թուրքիայի և Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգներին:

Քաղաքական վերլուծաբան Արտոյտ Զոհրաբեանն էլ ներկայացրեց «Հարաւային Կովկասում Իրանի կառուցողական ռազմավարութեան դէմ ադրբեջանա-թուրքական, իսրայէլական և ՆԱՏՕ-ի քաղաքականութիւնը» թեման: Յատկանշական է, որ իւրաքանչիւր զեկուցաբերի ներկայացրած զեկոյցից յետոյ լսարանին հարցումների, առաջարկների և տեսակէտների ներկայացման առիթ էր տրւում:

Երկօրեայ խորհրդաժողովը աւարտւեց ՀՅԴ Բիւրոյի խօսքով, որը ներկայացրեց Կիրօ Մանոյեանը, որը գնահատելով երկօրեայ խորհրդաժողովը, կարևորեց այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի պետականութիւնը ամրապնդելու և իրավիճակը բեկելու համար:

Իր հայրական խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ հայ ժողովրդի ներկայ իրավիճակը բարեկարգելու միակ ելքը պայքարն է իր բազմաբնոյթ կողմերով: Պայքար մեր լեզւի, մեր հաւատքի, մեր մշակոյթի, ինքնուրոյնութեան պահպանման և մեր հողային ամբողջականութեան համար: Սրբազան Հայրը բարձր գնահատեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնած խորհրդաժողովը, որը կոչւած է նպաստելու նշւած նպատակների իրագործմանը:

Օրւայ եզրափակիչ խօսքով՝ ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի խօսքը փոխանցեց Արամ Շահնազարեանը:

Նա ԿԿ-ի անունից երախտիքի և գնահատանքի խօսք փոխանցեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին՝ համաժողովը կազմակերպելու, Թեմակալ առաջնորդին՝ անվերապահ համագործակցութեան և աջակցութեան համար, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին, Հայաստանից ժամանած հիւրերին, Իրանի երեք թեմերից մասնակիցներին և Հայ ակումբի վարչութեանը՝ անվերապահ համագործակցութեան համար: Նա անդրադարձաւ այն հանգամանքներին, որոնք կարգաւորելով հնարաւոր կը լինի վերադարձնել կորցրածը և կերտել հայ ժողովրդի տեսլականը:

Placeholder
«Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդակցության ժամանակ Թեհրանում քննարկվել է Արցախի հիմնահարցը և կորուստը