Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Զելենսկու խոսքերը՝ Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին ռուս պատգամավորը մանիպուլյացիա է որակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր երկու տարվա ընթացքում 31 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել»։
«Այս պատերազմում զոհվել են 31 հազար ուկրաինացիներ, զինվորականներ: Ոչ 300 հազար, ոչ 150 հազար, ինչի մասին էլ ստում են Պուտինն ու նրա խաբեբա շրջապատը: Բայց յուրաքանչյուր կորուստ մեզ համար զգալի կորուստ է»,- Եվրանյուզի հաղորդմամբ, ասել է Ուկրաինայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ:
Զելենսկին հայտարարել է, որ չի հրապարակի վիրավորների կամ անհետ կորած զինվորականների թիվը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ արևմտյան գործընկերների ռազմական օգնության կեսը ժամանակին չի մատակարարվում։ Նրա խոսքով, իշխանությունները 2024 թվականի համար երկիրը պաշտպանելու «հզոր ծրագիր» ունեն, որի մանրամասները հրապարակայնորեն չեն բարձրաձայնի։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը Ուկրաինայի Զինված ուժերի կորուստների մասին Վլադիմիր Զելենսկու խոսքերը սովորական մանիպուլյացիա է որակել։
«Կա սուտ, բացահայտ սուտ, կան Զելենսկու խոսքերը, ով ստում է այնպես, ինչպես շնչում է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ճակատում տիրող իրավիճակին։ Ինչո՞ւ է այդ դեպքում մոբիլիզացիան, որի ժամանակ ուկրաինացիներին բռնում են փողոցներում և անմիջապես տանում ռազմաճակատ... Սովորական մանիպուլյացիա, որին, սակայն, չեն հավատում անգամ Ուկրաինայում»,- ասել է Ժուրավլևը։