Ահազանգ. Մարտունու նորակառույց ԲԿ-ի սալիկները թափվել են շտապ օգնության մեքենայի վրա
Իրավունք
11:34 27/02/2024
Հայաստան

Ահազանգ. Մարտունու նորակառույց ԲԿ-ի սալիկները թափվել են շտապ օգնության մեքենայի վրա

Մարտունու՝ նորակառույց ԲԿ-ի պատերի սալիկները մոտ մեկ ու կես շաբաթ առաջ պոկվել են ու ընկել շենքի կողքը կայանած շտապ օգնության ծառայության մեքենայի վրա։ Գեղարքունիքց ստացած տեղեկությունները  Panorama.am-ին փոխանցեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը։

«Անգամ վնասել են մեքենան։ Սարսափելի է պատկերացնել, ինչ կլիներ, եթե այդտեղով մարդ անցներ»,-ասաց Ա. Պողոսյանը։

Նա երեկ ֆեյսբուքյան իր էջում հարց էր հնչեցրել.

«Հետաքրքիր է,եթե նորակառույց հիվանդանոցի պատի սալիկները թափվում են կայանած շտապ օգնության մեքենայի վրա, ո՞վ է վնասը փոխհատուցում
ա) ԱՊՊԱ-ն
բ) Գլխավոր բժիշկը
գ)Շինարարը
դ) Կարմիր ժապավենը կտրող նախարարը
ե) Կարմիր ժապավենը կտրող մարզպետը»։

Պողոսյանի խոսքով, մինչ ԲԿ-ի բացումը առողջապահության նախարարությունը շինարարից պետք է պահանջեր բոլոր թերությունների վերացում, բացի այդ շինարարը պետք է պատասխանատվության ենթարկվի անորակ աշխատանքի համար։

«Քաղաքացիների հարկերի հաշվին պետությունը 3.3 մլրդ րամ է տրամադրել շինարարին, որպեսզի որակյալ հիվանդանոց կառուցեն։ Մինչդեռ այդ ԲԿ-ի կառուցման գործով  քավության նոխազ դարձրեցին պրոֆեսիոնալ մասնագետներին՝ աշխատանքից ազատեցին փոխնախարարին, ԾԻԳ-ի պետին, որը փայլուն ծրագրերի հեղինակ է։ Ինչո»ւ պատասխանատվություն չեն կրել շինարարը, մարզային իշխանության ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ Մարտունու ԲԿ-ի շինարարության ֆոնին նկարվում էին»,-ասաց Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով, սակայն սա Մարտունու ԲԿ-ի ամենալուրջ խնդիրը չէ։ Այսօր նորակառույց ԲԿ-ում հիվանդները թերապևտիկ բուժում են ստանում նկուղային հարկում, իննչը չլիցենզավորված գործունեություն է և անթույլատրելի։

«Թերապևտիկ բուշման համար նախատեսված հարկում, որտեղ հատուկ ճնշումով  թթվածնի գիծ են անցկացրել, զբաղեցրել են բժիշկներն իրենց մեծ աշխատասենյակներով։ Սա զավեշտ է, իմ կարծիքով»,-ասաց նա։


Մանրամասները՝ ձայնագրությամբ։

Placeholder
Ահազանգ. Մարտունու նորակառույց ԲԿ-ի սալիկները թափվել են շտապ օգնության մեքենայի վրա