«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 մլն դրամ. Օլեգ Դուլգարյան
Իրավունք
21:06 29/02/2024
Հայաստան

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 մլն դրամ. Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է.

Հայտարարություն

Հայաստանում բնապահպանական ակտիվիստների, իրավապաշտպանների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայցեր դատարան ներկայացնելու գործընթացը շարունակվում է` ձեռք բերելով նորագույն երանգներ։ Դատարաններ հայցեր ներկայացնելը  բնապահպանական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ, արդեն մի քանի անգամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և միջազգային իրավապաշտպան ցանցերը որակել են ճնշման մի ուրույն ձևաչափ, հետապնդում, այն է` դատական գործերով էկո-ակտիվիստներին և հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակիչներին լռեցնելու փորձ:

Հերթը հասավ ինձ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության խմբի ակտիվներին է պատկանում, և որի բաժնետեր է հանդիսանում  նաև ՀՀ Կառավարությունը, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 000 000 ՀՀ (6 մլն) դրամ (մոտ 14 000  եվրո)։  Նման գործընթացները բնորոշ են միայն ոչ ժողովրդավարական երկրներին և հասարակություններին։ Վստահ եմ՝ Ռուսաստանում ևս, ժամանակին, ազատ խոսքի և ակտիվիստների նկատմամբ ճնշումները մեկնարկել են իրավապաշտպանների նկատմամբ քաղաքացիական հայցեր ներկայացնելով, իսկ հետո և հիմա արդեն քրեական գործերով և մի քանի տարի ազատազրկմամբ։

Առհասարակ, նման գործընթացներն ուժեղացնում են մեզ, վստահ եմ՝ սա այդ դեպքերից է։

Հիշեցնեմ, որ նույն ընկերությունը 2023 թվականին հայց էր ներկայացրել նույն պահանջներով նաև բնապահպանական ակտիվիստ և լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ։

Վստահ եմ, որ քաղաքացիական հասարակությունը և միջազգային հանրությունը կտան իրենց գնահատականը այս գործընթացներին։

Ժողովրդավարությունը և սոցիալական արդարությունը Հայաստանում այլընտրանք չունեն։

Օլեգ Դուլգարյան»։
 

Placeholder
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 մլն դրամ. Օլեգ Դուլգարյան