Անընդունելի պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում, միջատներ՝ Արմավիր ՔԿՀ-ում. ԵԽ-ն հրապարակել է  գնահատականները
Իրավունք
16:59 01/03/2024
Հայաստան

Անընդունելի պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում, միջատներ՝ Արմավիր ՔԿՀ-ում. ԵԽ-ն հրապարակել է գնահատականները

Նուբարաշեն ՔԿՀ պայմաները շատ վատն են, շենքի առաջին հարկի պայմաններն անընդունելի են։ Նման գնահատական է այսօր հրապարակել  Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն (ԽԿԿ)՝ ներկայացնելով նախնական դիտարկումները 2023 թվականի սեպտեմբերի 12-22-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ։

Panorama.am-ին ԵԽ-ից հայտնեցին,  խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն, հաշվի առնելով դիտարկումների արդյունքները, Հայաստանի իշխանություններին հորդորել է փակել Նուբարաշեն ՔԿՀ-ն։

«Հաշվի առնելով պատվիրակության բացահայտումները՝ մենք կարող ենք միայն հորդորել Հայաստանի իշխանություններին առաջնահերթորեն շարունակել Նուբարաշեն բանտի ծրագրված փակումը (2024թ.-ին կփոխարինի նոր բանտով) և Արթիկի բանտի ամբողջական վերանորոգումը ( նախատեսված է նաև 2024 թվականին): Անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր ձեռնարկել լուծելու Արմաբիր ՔԿՀ-ում պահվող բանտարկյալների հիգիենայի ցածր մակարդակը, միջատների միջոցով վարակի հարցերը»,-ասված է զեկույցում։

Միաժամանակ պատվիրակությունը ողջունում է օդափոխության և ջեռուցման համակարգի տեղադրումը Արմավիր ՔԿՀ-ի՝ հբանտարկյալների համար նախատեսված տարածքներում և հուսով է, որ Հայաստանի իշխանությունների ծրագրերը՝ մնացած տարածքները, այդ թվում բուժկետը օդափոխությամբ ապահովելու վերաբերյալ, մոտ ապագայում կիրականացվեն։

Պատվիրակությունը կրկնել է պահանջի մասին, ըստ որի բանտարկյալներին պետք է թույլատրել շաբաթը առնվազն երկու անգամ  տաք ցնցուղ ընդունել ( հնարավորության դեպքում ավելի հաճախ)։ Նշվում է, որ սա էլ ավելի կարևոր է իգական սեռի բանտարկյալների և նորածինների դեպքում (Աբովյան քրեակատարողական հիմնարկում), որոնց համար գործող պայմաններն ակնհայտ կերպով անբավարար են:

Բանտարկյալների մեծ մասը  զբաղվելու ոչինչ չունեն, բացի հեռուստացույց դիտելը, կարդալը, սեղանի խաղեր խաղալն ու որոշների համար մարզասրահից օգտվելը։ 

Պատվիրակության այցի հիմնական նպատակն էր վերանայել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումները՝ ի պատասխան Կոմիտեի կողմից նախորդ այցելություններից հետո արված առաջարկություններին: Պատվիրակությունը ուսումնասիրել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը և երաշխիքները, ինչպես նաև մի քանի բանտերում և բանտային հիվանդանոցում գտնվող անձանց պահման պայմանները:

Placeholder
Անընդունելի պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում, միջատներ՝ Արմավիր ՔԿՀ-ում. ԵԽ-ն հրապարակել է գնահատականները