Ադրբեջանն Արցախում անկախության շրջանի հուշարձանների ոչնչացմամբ փորձում է ջնջել անկախ պետության գաղափարը. Արմինե Տիգրանյան
Քաղաքական
20:45 05/03/2024
Հայաստան

Ադրբեջանն Արցախում անկախության շրջանի հուշարձանների ոչնչացմամբ փորձում է ջնջել անկախ պետության գաղափարը. Արմինե Տիգրանյան

Թեև Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնել Արցախի Հանրապետությունում ամեն հայկականը, վերացնել հայկական հետքը հայկական հողից, տարիներ շարունակ պարբերաբար հաստատվում են իրենց կողմից իրականացրած քայլերով, պատերազմական ու ցեղասպանական գործողություններով, սակայն վերջին շրջանում հենց թշնամի Ադրբեջանի  կողմից ավելի հաճախակի են տարածվում տեսանյութեր, թե ինչպեսն են վանդալիզմի ենթարկվում հայկական հուշարձանները։

Մշակութաբան, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ, ԵՊՀ դասախոս Արմինե Տիգրանայանի հետ Panorama.am -ը զրուցել է Ադրբեջանի վանդալական քաղաքականության մասին։

Panorama.am-Վերջին շրջանում ավելի հաճախ է ադրբեջանական կողմը տեսանյութեր տարածում, որոնցից պարզ է դառնում, որ արցախյան հուշարձանները, եկեղեցիները վանդալիզմի են ենթարկվել, խեղաթյուրվել են։ Արդյո՞ք հատուկ են տարածում, ուզում են ցույց տալ, որ ավերում են հայկական հուշարձանները, փորձում հայկական հետքը հայկական հողից ջնջել։

Արմինե Տիգրանյան-2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության 120 հազար հայեր  բռնի տեղահանվեցին։ Թվում էր, թե խաղաղության այն օրակարգը, որը քննարկվում էր բռնի տեղահանման զուգահեռ, պետք է որ կասեցներ հայկական մշակութային բառացիկ հուշարձանների կորուստը։ Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցրել հայկական հուշարձանների  ոչնչացումը, այլև նոր թափով է սկսել դրանք ոչնչացել, շատ ավելի մեծ ինտենսիվությամբ, քան մինչ այժմ մենք ականատես ենք եղել։

Ադրբեջանը վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչնչացրել է պատմական գերեզամանոցներ, եկեղեցիներ, խաչքարեր, Արցախի անկախության շրջանի բազմաթիվ հուշակոթողներ, քաղաքացիական բնակության ենթակառուցվածքներ, Արցախի ազատամարտի, արցախյան հաղթանակը խորհրդանշող մի շարք հուշարձաններ, հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներ։

Ադրբեջանը փորձում է ջնջել անկախության շրջանի հուշարձանները, անկախության գաղափարը, ոչնչացնել Ստեփանակերտում և այլ քաղաքներում գտնվող հաղթանակը խորհրդանշող ցանկացած հուշարձան։

Գիտենք, որ  մշակութային ժառանգությունն ունի խորհրդապաշտական մեծ նշանակություն և հուշարձաններն իրենց հետ պարունակում են հսկայածավալ գիտելիք այդ արժեքների տեղադրման, հերոսների կյանքի պատմության վերաբերյալ։ Երբ Ադրբեջանը թիրախավորում է  այդ հուշարձանները, դրանց հետ մեկտեղ թիրախավորվում է  այդ մասին պատմող գիտելիքը, սերունդներին այդ մարդկանց հաղթանակի հիշողության մասին փոխանցվելիք գիտելիքը։

Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ոչնչացված ժառանգության մեծ մասի քանդակագործներն այսօր ապրում են մեզ հետ, սա նաև նրանց մշակութային իրավունքի խախտում է,  որովհետև, համաձայն մշակույթի իրավունքի կոնցեպտի, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր ներդրումն ունենալ համայնքի մշակութային կյանքում։ Փաստորեն, քանդակագործների ստեղծագործ մտքի կարևոր ժառանգության ոչնչացումը հարված է ոչ միայն արցախահայությանը, նաև քանդակագործներին, մշակույթի իրավունքի կոպիտ ոտնահարում է։

Panorama.аm- Արդեն Ստեփանակերտ են հասել իրենց ավերիչ ձեռագրով, քանդում են նաև պետականության հետ կապ ունեցող շենքեր։ Ի՞նչ են ուզում այդպես հասկացնել։

Արմինե Տիգրանյան- Վերջին շրջանում հատկապես  Ստեփանակերտի հուշարձանների ոչնչացումը շարունակական և մշտական բնույթ է կրում, սա ցույց է տալիս Ստեփանակերտն ապահայկականացնելու և մշակութային ինքնության բաղկացուցիչ տարրերն օտարելու միտումը։

Ադրբեջանցիներն ապամոտաժել են և իսպառ ոչնչացել նաև պետական նշանակության ենթակառուցվածքներ, Արցախի Ազգային ժողովի շենքն են քանդում։ Այս ամենով Ադրբեջանը ցանկանում է  ոչնչացել հայկակականության,  պետականության ցանկացած հետք։ Բայց պարզ է, որ Արցախի անկախությունը հիմնված է  եղել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա,  որն ընդունելի է ՄԱԿ-ի կողմից,  ՄԱԿ-ի առաջարկած սկզբունքներից մեկն է  և այս սկզբունքի հիման վրա ձևավորված անկախության խորհրդանիշներն իսպառ ոչնչացնում են։ Ադրբեջանական լրատվամիջոցներով այս թեզերը շարունակաբար պտտվում են, որ «անջատվողականության և Արցախի անկախության հետ կապված որևէ հուշարձան չպետք է մնա, այդ հուշարձաններն օկուպանտական են, ուստի չունեն գոյության իրավունք»։

Այսինքն, Ադրբեջանը 1992 թվականից  հետո կառուցած հայկական հուշարձանների ոչնչացմամբ ցանկանում է ջնջել  Արցախի գոյության մասին փաստող ցանկացած իրեղեն ապացույց։ Փաստորեն, մի փուլով պատմական գերեզմանոցների,  քրիստոնեական արժեքների ոչնչացմամբ փորձում էին հոգեբանական տրավմայի ենթարկել  հայ ժողովրդին, ջնջել պատմականորեն հայկական ներկայությունը տարածաշրջանում  և Արցախի անկախության շրջանի, հաղթանակի հերոսների, հայրենական պատերազմի հերոսների, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանների ոչնչացմամբ էլ փորձում է  ջնջել վերջին 30 տարում ազգերի ինքնորոշման հիման վրա ստեղծված անկախ պետության գաղափարը, սիմվոլը, պետականության խորհրդանշող բոլոր կառույցները։

Բայց Հաագայի կոնվենցիայի 1-ին  արձանագրությունը հստակ սահմանում է,  որ բռնազավթած տարածքներում արգելված է քաղաքացիական ենթակառուցվածքների  թիրախավորումը, ոչնչացումը։ Բացի միջազգային օրենքներից, այս ամենը խախտում է  Ադրբեջանի ներքին օրենսդրությունը. անկախ ամեն ինչից, եթե այսօր աշխարհն ընդունում է  Արցախի տարածքը որպես  ադրբեջանական քաղաքական տարածք, ապա այդ դեպքում ևս հուշարձանների ոչնչացումն անթույլատրելի է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Ադրբեջանն Արցախում անկախության շրջանի հուշարձանների ոչնչացմամբ փորձում է ջնջել անկախ պետության գաղափարը. Արմինե Տիգրանյան