Հայաստանում կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ
Հասարակություն
17:29 08/03/2024
Հայաստան

Հայաստանում կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ

Հայաստանում կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ, քան տղամարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ ամուսնալուծությունից հետո նորից ամուսնանալու միտումը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է: Նման պնդում կա Հայաստանի վիճակագրական կոմիտեի  «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2023» հրապարակման մեջ։

Նշվում է, որ առաջին ամուսնության միջին տարիքը նվազել է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում: 2022թ.-ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.9, իսկ տղա-մարդկանցը՝ 31.4 տարի: Այն զգալիորեն ավել է, քան 2002թ.-ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 23.2 տարի էր, իսկ տղամարդկանցը՝  27.1, իսկ 2012թ.-ին համապատասխանաբար՝ 25.3 և 28.8 տարի:

Պտղաբերությունը կամ մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թվաքանակը, սկսած 1991թ.-ից սրընթաց նվազել է, հատկապես գյուղական բնակավայրերում: 1991թ.-ին գյուղական բնակավայրերում կինն իր ծնունակ տարիների ընթացքում ունենում էր միջին հաշվով 3.2 երեխա, քաղաքային վայրերի՝ 2.3 երեխայի համեմատ: Ծնելիության շարունակական նվազմանը զուգընթաց, 2014թ.-ից գրեթե վերացել էր գյուղական ու քաղաքային ցուցանիշների տարբերությունը, իսկ հաջորդող տարիներին՝ մինչև 2020թ., գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակիցն անգամ զիջում էր քաղաքային ցուցանիշին:

Սակայն 2021-2022թթ.-ին արձանագրվել է գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակցի որոշակի բարելավում, կազմելով համապատասխանաբար՝ 1.711 և 2.118 միավոր, քաղաքային վայրերի՝ 1.700 և 1.489 միավորի համեմատ:

Կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե՛ առաջին երեխայի ծննդյան, և թե՛ ընդհանուր ծննդյան ժամանակ:

Երևույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են դեպքեր՝  2-րդ և այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում:

Տղամարդկանց և կանանց ամուսնական կարգավիճակներում առկա տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կանայք հակված են  ավելի վաղ տարիքում ամուսնանալ, քան տղամարդիկ:     

Մեծահասակ տարիքում ավելի մեծ է  կանանց այրի մնալու  հավանականությունը, որն էլ հիմնա-կանում պայմանավորված է տղամարդկանց կյանքի համեմատաբար ավելի կարճ տևողության և կանանց ավելի երիտասարդ տարիքում ամուսնանալու հանգամանքով:

Հիշեցնենք, որ 2022թ. աճել է կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից: Այսպես, 2022թ. ծնված աղջիկ երեխաների կյանքի սպասվող տևողությունը կազմել է 78.3 տարի, 2021թ.՝ 77.4, 1991/92թ.-ի՝ 75.1 տարի, 2001/02թ.-ի՝ 75.9 տարվա համեմատ:

Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2022թ.-ին կազմել է 71.4 տարի, 2021թ.՝ 67.4 (աճել է 4.0 տարով), 1991/92թ.-ի՝ 68.3 տարի, 2001/02թ.-ի՝ 70.0 տարվա համեմատ:

Placeholder
Հայաստանում կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ