Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ստացվում է, որ մեկ անգամ տրանսպորտից օգտվելը 300 դրամ է դառնում. Սամվել Հարոյան
«Ըստ ձեր ներկայացրած նախագծի, եթե մադը մարզից եկել է Երևան և մեկ անգամ է այդ օրն ուզում օգտվել տրանսպորտից, ապա պետք է գնի «90 րոպե» քարտը, որի գինը 300 դրամ է։ Այլ տարբերակ նա չունի և ստացվում է, որ մեկ անգամ տրանսպորտից օգտվելը 300 դրամ է դառնում»,- ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը։
Նրա խոսքով, նույնը վերաբերում է Երևանում ապրողին, որը մեկ կամ երկու անգամ է օգտվում տրանսպորտից բայց չի ուզում ամսական փաթեթ գնել և այդ դեպքում պետք է վճարի 600 դրամ, քանի որ աշխատանքի գնալու և գալու համար պետք է գնի երկու 90-րոպեանոց քարտը։
«Սա իմ կարծիքով շատ կտրուկ թանկացում է, ինչն իմ համար անընդունելի է»,-ասաց Հարոյանը և հարցրեց, թե ինչու չի նախատեսվել մեկանգամյա վճարման տարբերակը։
Հարցը զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախ հայտնեց, որ համաձայն չէ, որ ուղեվարձը թանկանում է 300 դրամ, բայց և նկատեց, որ եթե չեն ուզում մեկամսյա փաթեթ գնել, ապա պետք է ավելի թանկ վճարեն։
Գրիգորյանը, մինչ այդ ներկայացնելով նախագիծը, ասաց, որ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները և ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում։
«Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 000 դրամ։ Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 000 դրամ»,-ասաց փոխքաղաքապետը։
Հայտնելով, որ հաշվի են առել նաև այն ուղևորների մտահոգությունը, որոնք ոչ շատ հաճախ են օգտվում հանրային տրանսպորտից՝ Գրիգորյանը նշեց. «Տաս ուղևորության լիցքավորման հնարավորությամբ տոմսային փաթեթը կարժենա 2200 դրամ»։