Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի նման ձևով ներդրման մեջ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում. Բ. Պիպոյան
Առողջություն
14:51 14/03/2024
Հայաստան

Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի նման ձևով ներդրման մեջ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում. Բ. Պիպոյան

Էլեկտրոնային դեղատոմսի համակարգը հապշտապ ներդնելու մեջ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։

«Չեմ կարող չտեսնել, քանի որ երբ դու ստեղծում ես մի համակարգ, որ ամբողջությամբ ապահովում է մի հիմնարկի ֆինանսական հոսք, որևէ այլընտրանք չկա, դրանից այն կողմ կոռուպցիա չկա այս կյանքում։ Ստեղծում ես մի մեխանիզմ, որով մի ընկերություն հարստանում է։ Այլընտրանք չես տալիս»,-ասաց ՀԿ նախագահը։

Նրա խոսքով, էլեկտրոնային դեղատոմսի համակարգին անցումը պետք է լիներ աստիճանաբար, քանի որ առողջապահական հաստատությունները, դեղատները պատրաստ չէին նման «ափալ-թափալ» անցման։

«Անգամ Երևանում, մտեք պոլիկլինիկաներ, տեսեք, թե ինչ համակարգիչներից են օգտվում բժիշկները, քանի րոպեում են միանում համակարգիչները։ Էլ չեմ ասում, հետազոտություն արեք, տեսեք, թե թերապևտների քանի՞ տոկոսն է 65 տարեկանը լրացած։ Առողջապահության նախարարությունում մի քանի հոգի սեղմել են իրենց ինքնահավանի կոճակն ու որոշել են, որ հանրային կարծիքի ու փորձագիտական համայնքի հետ հաղորդակցվելու կարիք չկա»,-նշեց նա։

Բ. Պիպոյանի խոսքով,  համակարգի՝ այս պայմաններում ներդրումից բժիշկները դժգոհ են։

«Պարզապես հրահանգավորված է՝ չխոսել»,-ասաց նա։

ՀԿ նախագահի խոսքով, համակարգն այնքան խայտառակ վիճակում է, անցումն այնքան վատ է կատարվել, որ անգամ գործող թիմը ներկայացնող առողջապահության նախկին նախարարն է այդ մասին խոսում։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։

Placeholder
Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի նման ձևով ներդրման մեջ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում. Բ. Պիպոյան