Հաքան Ֆիդանը Բաքվում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Քաղաքական
15:27 15/03/2024
Տարածաշրջան

Հաքան Ֆիդանը Բաքվում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Տարածաշրջանի երկրների համար իրական հնարավորություն է բացվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և ընդհանուր բարգավաճման գոտու»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։ Այդ մասին հայտնում է  «Անատոլու» գործակալությունը։

«Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ձեռքբերումն առաջնահերթ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության և կապի համար: Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո այս նպատակին հասնելու պատմական հնարավորություն ստեղծվեց։ Տարածաշրջանի մյուս երկրներից մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում՝ հիմնված փոխշահավետության սկզբունքի վրա և աջակցություն տարածաշրջանային և գլոբալ նախագծերին, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը»,-ասել նա։

Նախարարի խոսքով, բարիդրացիական հարաբերությունների և պատմական բարեկամական կապերի հիման վրա կառուցված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումների մեխանիզմը եզակի հարթակ է ընդհանուր շահերն ու խնդիրները քննարկելու համար։

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ նախարարների հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը և համագործակցության ընդլայնման ուղիները։

Ֆիդանի խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և Վրաստանի հետ էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում։

Թուրք Նախարարի խոսքով, բանակցություններում ընդգծվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ողջ հզորությամբ արագ շահագործման հանձնելու անհրաժեշտությունը։

Ֆիդանը նշել է, որ երեք երկրների արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացները։ Նախարարի խոսքով՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումների մասին։

Placeholder
Հաքան Ֆիդանը Բաքվում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին