Գլխիվայր շրջված մեքենաներ. Ինչ է կատարվում հանրապետության ճանապարհներին
Օրվա թեմա
13:02 19/03/2024
Հայաստան

Գլխիվայր շրջված մեքենաներ. Ինչ է կատարվում հանրապետության ճանապարհներին

Առատ տեղումներով պայմանավորված վթարային ու դժվարին իրավիճակ է  ստեղծվել հանրապետության ճանապարհներին։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունների համաձայն, ճանապարհներին գրանցվել են մեքենաների գլխիվայր շրջվելու դեպքեր։

Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղի արագաչափի մոտակայքում բախվել են երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel» (վարորդ Գ. Ի.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Գ. Ի.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և տեղի ուժերի հետ ուղղել ավտոմեքենան:



Մարտի 19-ին, ժամը 07:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գեղարոտ գյուղի սկզբնամասում նկատել են գլխիվայր շրջված «Kia» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա. Ս.) և ուղղել այն, ինչպես նաև արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս.)։



Եվս մի արտակարգ պատահար գրանցվել է Տավուշի մարզում։ Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը:

Փրկարարները մասնատել և տեղափոխել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:


 

 

Placeholder