Որակի մրցանակ ստացած կազմակերպությունները կմասնակցեն ԱՊՀ-ի մրցանակաբաշխություններին. Պապոյան
Տնտեսություն
13:01 21/03/2024
Հայաստան

Որակի մրցանակ ստացած կազմակերպությունները կմասնակցեն ԱՊՀ-ի մրցանակաբաշխություններին. Պապոյան

«Ամենամյա մրցանակաբաշխությանը կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, իսկ սպառազինության ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների դեպքում՝ միայն նրանք, որոնք քաղաքացիական նշանակության ապրանքներ են արտադրում կամ ծառայություններ են մատուցում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը։

Նա հայտնեց, որ մրցանակաբաշխությունն իրականացվում է մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար, որի նպատակով Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից ստեղծվում է փորձագետների աշխատանքային խումբ, որի կողմից իրականացվում է մասնակից կազմակերպությունների ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն։

Մրցույթի երկրորդ փուլում գնահատվելու են կազմակերպության գործունեության իրականացման վայրի ստանդարտների համապատասխանությունը։

Պապոյանի խոսքով՝ մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների վճարը կախված է կազմակերպությունում աշխատողների թվից և եթե մինչև 200 աշխատող ունի, ապա՝ չպետք է գերազանցի 100 հազար դրամ գումարած ԱԱՀ, իսկ եթե 200-ից ավելի աշխատող ունի, ապա՝ 150 հազար գումարած ԱԱՀ։

«Եթե մրցույթի երկրորդ փուլ են անցնում կազմակերպությունները, ապա նրանք պետք է փաստաթղթային փորձաքննության փուլում ստանան գոնե 250 միավոր։ Առավելագույն միավորը 750-ն է այս պարագայում։Մրցույթի երկրորդ փուլում աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վճարը կախված է նորից կազմակերպության աշխատողների թվից, սակայն արդեն տարբեր են. մինչև 200 աշխատողի դեպքում՝ 200 հազար դրամ գումարած ԱԱՀ, 200-ից ավելի աշխատողի դեպքում՝ 300 հազար դրամ գումարած ԱԱՀ։ Այսինքն՝ կրկնապատկվում է գումարը»,- ասաց Գևորգ Պապոյանը։


Նախարարաը հայտնեց, որ մրցույթում հաղթող մրցանակակիր կազմակերպությունների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 12-ը և նրանց որպես պարգև հանձնվում է մրցանակ՝ որակը խորհրդանշող հուշանշան և դիպլոմ։

Հայտնելով, որ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսի երկրորդ հինգշաբթի օրը՝ Որակի համաշխարհային օրվա շրջանակներում՝ նախարարը հայտնեց, որ որակի մրցանակ ստացած ազգային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռվում մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությունների։

 

Placeholder
Որակի մրցանակ ստացած կազմակերպությունները կմասնակցեն ԱՊՀ-ի մրցանակաբաշխություններին. Պապոյան