«Փաստ». Արծվաշենցիները պահանջել են հանդիպում Փաշինյանի հետ
Օրվա մամուլ
09:10 26/03/2024
Հայաստան

«Փաստ». Արծվաշենցիները պահանջել են հանդիպում Փաշինյանի հետ

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին օրերին թերթը տեղեկություններ է ստանում, որ Արծվաշեն համայնքի ղեկավարը արծվաշենցիներից ստորագրություններ և ինչ-որ փաստաթղթեր է հավաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը փոխհատուցումների մասին է, որի դիմաց իբր համաձայնություն պետք է տրվի՝ հրաժարվել Արծվաշենից, որը 1992 թվականին օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Մենք տեղեկություններ ունեինք, որ արծվաշենցիների անունից նաև նամակ է ուղարկվել Նիկոլ Փաշինյանին:

Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը հաստատեց նամակի մասին մեր տեղեկությունը, որ դիմել են կառավարություն: Նա նշեց, որ «փոխհատուցման հարցի և նաև Արծվաշենի շուրջ պտտվող խոսակցությունների, կնճռոտ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար խնդրել ենք մի հինգ բնակչի ընդունել»: Երեկվա դրությամբ կառավարությունից պատասխան դեռ չէր ստացվել:

Ինչ վերաբերում է Արծվաշենից հրաժարվելու խոսակցություններին, ապա Խեչոյանը կտրականապես հերքեց նման հնարավորությունը. «Արծվաշենի ժողովուրդը, տեսնելով, որ խոսվում է Արցախից բռնի տեղահանվածներին փոխհատուցման հնարավորության մասին, ստորագրություններ է հավաքում այն մասին, որ մենք էլ, որպես բռնի տեղահանվածներ, մեր գյուղի համար ենք փոխհատուցում ուզում: Բայց Արծվաշենից հրաժարվելու մասին խոսք չկա ու չի կարող լինել»,-ասած Մամիկոն Խեչոյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Փաստ». Արծվաշենցիները պահանջել են հանդիպում Փաշինյանի հետ