«Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
Մշակույթ
21:28 27/03/2024
Հայաստան

«Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան

Ազգային թատերական «Արտավազդ» մրցանակաշխության ժամանակ բեմ բարձրացավ «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը և հայտարարեց, որ «Գոյ»-ը պատրաստ է անգամ լինել անկախ թատրոն։

«Այստեղ հավաքված են թատերական ոլորտի մասնագետները։ Ուզում եմ այստեղ՝ մասնագիտական խորհրդի առաջ քննարկում կազմակերպել ու մինչև այս երեկոյի ավարտը կայացնել որոշում։ ԿԳՄՍ նախարարությունը, կառավարությունը կայացրել են իրենց ոչ մասնագիտական որոշումը, ես ուզում այստեղ գտնվող մասնագետները որոշում կայացնեն։

«Գոյ» թատրոնը ցանկանում է և ուզում է ունենալ իր ստեղծագործելու իրավունքը։ Ուրիշ ոչ մի բան չի ուզում։ Այդ իրավունքը վաստակելու համար ընդամենն ուզում է աշխատել։ Եվ այսօր «Գոյ» թատրոնը պատրաստ է անգամ թեկուզ չլինի պետական, լինի անկախ թատրոն։ Պատրաստ է, բայց ի՞նչ է սրա համար պետք։ Ընդամենը վայր, որտեղ ստեղծագործի։ «Գոյ» թատրոնը այլ տեղ չի տեսնում, բացառապես այն վայրը, որտեղ ստեղծվել է։

Դրա համար ի՞նչ է պետք անել։ Պետք է ձեր աջակցությունը. եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը որպես անկախ թատրոն, խնդրում եմ մինչև երեկոյի ավարտը,  համապատասխան փաստաթուղթ է կազմվել, ընդամենը ստորագրել ու տալ համաձայնություն։ Այդ փաստաթուղթը կուղարկվի կառավարություն, որպեսզի որոշման մեջ լրացումներ կատարվեն կամ այլ մեխանիզմներ  կիրառվեն»։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունից և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է. հունվարի 30-ին կառավարության որոշման համաձայն, պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով Սունդուկյան թատրոնի հետ։

«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ  չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Placeholder
«Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան