Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
Կրթություն, գիտություն
17:04 28/03/2024
Հայաստան

Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում

«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն կրթության զարգացման պետական ծրագրով ամրագրված շատ կարևոր թիրախ՝ բուհական համակարգի արդյունավետության բարձրացում, որի շրջանակներում հստակ ամրագրված է, որ պետք է գնալ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի։

«Մենք ուշադիր ենք, ականջալուր ենք, ինքներս ենք բոլորին հրավիրում քննարկման»,- ասաց Անդրեասյանը։

Նա նաև նշեց, որ Կոնսերվատորիայում ընթանում է նախապես պլանավորած վերանորոգման աշխատանքներ. «Մենք մեր բուհերի զարգացմանը նպաստելուն միտված ծրագրեր ունենք, տարաբնույթ ծրագրերով ամեն կերպ աջակցում ենք մեր բուհերին»։

Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները դեմ են արտահայտվել համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին ԿԳՄՍ նախարարության ծրագրին,  ստորագրահավաք էր կազմակերպվել։ Դիմում-պահանջը ստորագրել է 6290 հոգի։

Քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց. «Այն, որ Կոնսերվատորիայի շուրջ ինչ-որ բան տեղի է ունենում, առնվազն խոսում են 6290 ստորագրությունները, որովհետև եթե որևէ բան տեղի չունենար, այս ստորագրահավաքի ու դիմում-պահանջի կարիքն էր չէր լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում