Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Կրթություն, գիտություն
17:32 28/03/2024
Հայաստան

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ:

Նախարարի տեղակալը շրջել է քննական սենյակներում և հաջողություն մաղթել ուսուցիչներին՝ հույս հայտնելով, որ նրանք դրական արդյունքներ կգրանցեն ու հաղթահարելով ատեստավորման շեմը՝ կշարունակեն մանկավարժական գործունեությունը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ թիվ 6 դպրոցի քննական կենտրոնում 78 հայտագրված մասնակիցներից ատեստավորմանը ներկայացել է 62-ը: Թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում հայտագրվել է 100 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը ներկայացել է 84-ը:

Կամավոր ատեստավորման թեստերը կազմվում են հանրակրթական դպրոցի ծրագրին և դասագրքին համապատասխանության սկզբունքով:

Կամավոր ատեստավորման այս փուլը չհաղթահարելու դեպքում բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու հանրակրթական դպրոցներում ուսուցչական հետագա գործունեություն իրականացնել՝ մինչև չապահովեն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցչին ներկայացվող պահանջները:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցիչների համար դեռևս 2010 թվականին սահմանվել է բարձրագույն կրթության պահանջ: Օրենսդրական նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին տրվել էր որոշակի ժամանակահատված, որը մի քանի անգամ արդեն իսկ երկարաձգվել է: Շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն՝ կարգավորելով վերոնշյալ խնդիրը և ապահովելով օրենքի պահանջը:

Նախորդ տարի ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներին տրվեց հավելյալ հնարավորություն՝ կամավոր ատեստավորման մասնակցության արդյունքում համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում շարունակել մասնագիտական աշխատանքը։

ԿԳՄՍ նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակում է աջակցության ծրագիր՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է, կարող է կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում. պետությունը կապահովի ուսման վարձի փոխհատուցում:

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորումը կշարունակվի նաև մարտի 29-ին:

Placeholder
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը