«Փաստ». Արցախի հայությանը դարձրել են վտարանդի և հիմա նրանց հռչակում են ազգային անվտանգության սպառնալիք
Օրվա մամուլ
09:22 30/03/2024
Հայաստան

«Փաստ». Արցախի հայությանը դարձրել են վտարանդի և հիմա նրանց հռչակում են ազգային անվտանգության սպառնալիք

«Փաստ» թերթը գրում է.

«Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական արշավն է մտադիր սկսել Արցախի ղեկավարների, առհասարակ՝ արցախցիների դեմ: Նշել էինք, որ փորձ է արվելու այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։ Եվ դա իրեն երկար սպասել չտվեց: Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանություններին, Արցախի կառավարությունը հռչակեց որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք:

Փաշինյանի այդ սադրիչ հայտարարություններին ու որակումներին գրեթե անմիջապես հաջորդեցին քպական զանազան կարկառունների «գրոհները»: Արցախի նախագահ Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցը նրանցից մեկը անգամ որակեց որպես «գործակալական պահվածք»: Ի՞նչ է ստացվում: Արցախի կառավարությունը, Արցախի իշխանությունը, բոլոր արցախցիները զրկվել են իրենց երկրից և հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «քաղաքականության» հետևանքով կամ մեղքով դարձել են հայրենազուրկ:

Ի դեպ, նշենք, որ Արցախի կառավարությունն ինքն իրեն «վտարանդի կառավարություն» չի հայտարարել, այն պարզապես Ստեփանակերտից բռնագաղթել է և ապաստանել Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում: Ամեն պարագայում, այդ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն են Արցախի կառավարությունն էլ, Արցախի հայությանն էլ դարձրել վտարանդի և հիմա նրանց հռչակում են... ազգային անվտանգության սպառնալիք: Ստացվում է, որ Փաշինյանի հասկացողությամբ՝ Թուրքիան չէ ազգային անվտանգության սպառնալիք, Ադրբեջանը չէ, այլ...

Արցախի իշխանությունն ու արցախցինե՞րն են այդ սպառնալիքը: Մյուս կողմից՝ թերևս զարմանալի չեն արդեն այն կարծիքները, որ Արցախի իշխանություններին ու արցախցիներին «ազգային անվտանգության սպառնալիք» հռչակելը Ալիևի հերթական պահանջն է: Ու այս ամենը նկատի ունենալով՝ չի կարելի բացառել, որ առաջիկայում Փաշինյանի՝ կառավարության նիստում սպառնալից տոնայնությամբ հնչեցրած արտահայտությունները «իրավական» որոշակի հետևանքներ ունենան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Փաստ». Արցախի հայությանը դարձրել են վտարանդի և հիմա նրանց հռչակում են ազգային անվտանգության սպառնալիք