Գագիկ Ծառուկյան. Մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին
Սպորտ
13:52 06/04/2024
Հայաստան

Գագիկ Ծառուկյան. Մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական խոսք է հղել մարզաշխարհի ներկայացուցիչներին Սպորտի միջազգային օրվա առթիվ.

«Բոլորին հայտնի ճշմարտություն է, որ սպորտն այն եզակի բնագավառներից է, որի լեզուն համամարդկային է ու հասկանալի բոլորին: Այն միավորում է մարդկանց, տարբեր ազգերին ու պետություններին, որոնց ներկայացուցիչները՝ անկախ տարաձայնություններից,  մրցահարթակ են դուրս գալիս և  մարզասերներին  պարգևում մրցակցության ու պայքարի զգացողությունը:

Ես շատ կուզենայի, որ սպորտի հիմնական արժեքները, ինչպիսիք են  արդար խաղը, թիմում համաձայնեցվածությունը և մրցակցի հանդեպ հարգանքը, կիրառելի լինեին նաև մեր կյանքի մյուս բնագավառներում:

Ես միշտ ասել եմ, որ մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին ու ժողովրդին, քանզի հենց այդ հաղթանակներով է ուղղվելու մեր երկրի կոտրված մեջքը, հենց այդ հաղթանակներով ենք մենք աշխարհին ապացուցելու, որ դեռ ասելիք ու անելիք ունենք:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում նոր հաղթանակներ ու նվաճումներ մեր մարզաշխարհի ներկայացուցիչներին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։

Placeholder
Գագիկ Ծառուկյան. Մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին