ԿԳՄՍՆ-ն քննարկում է հօգուտ Թումանյանի թանգարանի նախկին տնօրենի կայացված դատական ակտի բողոքարման հարցը
Իրավունք
17:45 08/04/2024
Հայաստան

ԿԳՄՍՆ-ն քննարկում է հօգուտ Թումանյանի թանգարանի նախկին տնօրենի կայացված դատական ակտի բողոքարման հարցը

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարման հարցը։

Հիշեցնենք, որ այդ ակտով Երևանի քաղաքացիական դատարանը, դատավոր Ազատ Դունամալյան, անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Դատարանը որոշել է նաև ԿԳՄՍՆ–ից հօգուտ Անի Եղիազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

«Հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է թիվ ԵԴ2/44185/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարման հարցը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ»,- այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի վճիռը։

Դատարանի որոշման հրապարակումից հետո Panorama.am-ը հետաքրքրվել էր Անի Եզիազարյանից՝ արդյո՞ք կվերադառնա իր նախկին պաշտոնին։ 

«Դեռ որոշակի գործընթացներ կան, վճիռը մեկ ամսվա ընթացք ունի, սպասենք՝ ինչ ընթացք կլինի, ըստ այդ կկարողանամ որոշում կայացնել»,- ասել էր նա։ 

Placeholder
ԿԳՄՍՆ-ն քննարկում է հօգուտ Թումանյանի թանգարանի նախկին տնօրենի կայացված դատական ակտի բողոքարման հարցը