«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
Օրվա մամուլ
08:56 16/04/2024
Հայաստան

«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին

«Հրապարակ» թերթը գրում է.

««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Հայաստանյան գործարար տիկնանց առաջարկել էին 1 միլիոն դրամ վճարել և ընթրել տիկին Հակոբյանի հետ, իսկ հավաքագրված գումարները կուղղվեն մարզերի սկսնակ գործարար կանանց:

Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին և ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին, հայտնելով, որ 42 կին գործարար է «մուծվել» վարչապետի կնոջը:

Հրապարակված տեսանյութից, սակայն, երևում է, որ մասնակիցների թիվը հազիվ 40-45 հոգի լինի, որոնց շարքերում ոչ միայն գործարար կանայք, այլև իրենց օգնականները, աշխատակիցները, հարազատները, Աննա Հակոբյանի աշխատակիցները։

Հավաքին ներկա են եղել Սամվել Ալեքսանյանի գերդաստանը՝ կինը` Շողերինան, աղջիկները, քույրը՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի կինը, MAVI-ի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը, «Լարա» շոկոլադի գալերեայի տնօրեն Լաուրա Նահապետյանը, «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը, Խաչատուր Սուքիասյանի դուստրը, «Թեյան» ընկերության հիմնադիր Աստղիկ Գալստյանը, «Աննա-թեյ»-ի հիմնադիր Աննա Սահակյանը և այլք։ Կանայք ոչ միայն ընթրել են, այլ «տժժացել», պարել, ուրախացել:

Ի դեպ, «Արմասին» էլ մեղադրանքներ են ուղղվել այս նախաձեռնության համար, որ աջակցում են հող հանձնող իշխանություններին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին