Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Մշակույթ
19:22 23/04/2024
Հայաստան

Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների

Այսօր  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է  «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս»  խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ այս ցուցադրության միջոցով ներկաները կտեսնեն մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ապրած փորձությունների անմարդկայնի դեմքը;

«Հայոց ցեղասպանության տարիներին հիմնականում կանանցից ու երեխաներից կազմված տեղահանվածների քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների, ինչի հետևանքով տեղի թուրք, քուրդ և արաբ բնակչությունը բռնի կերպով տիրում էր հայ կանանց, առևանգում նրանց ու երեխաներին: Առևանգվածներին վաճառում էին, տանում մուսուլմանական տներ, հաճախ նրանց տուն, ով սպանել էր իրենց ընտանիքի անդամներին, պարտադրում կրոնափոխություն, մղում ստրկական աշխատանքի: Հայ կանանց հանդեպ կիրառվող որբևայրի տերմինը` որբ ու այրի, այսինքն` զրկված ծնողներից և ամուսնուց, թերևս, լավագույնս բնորոշում էր նրանց ճակատագիրը»,-ասել է նա;

Ըստ նրա, ցուցադրության  նպատակը Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի վերհանումն է, բայց և միևնույն ժամանակ նրա արտասովոր քաջության և տոկունության ներկայացումը:

ՀՑԹԻ-ի հաղորդմամբ, ցուցադրության մեջ ներկայացված են հայ կնոջ կյանքի ու կենցաղի հետ կապված անձնական բազմաթիվ իրեր, բնօրինակ բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, փաստավավերագրական ֆիլմ և այլն:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թ. ապրիլը:

Placeholder
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների