Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Մշակույթ
08:34 24/04/2024
Հայաստան

Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը

Այսօր ժամը 19:00-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը` կամերային նվագախմբի համար փոխադրմամբ։

Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է ջութակահար, դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։

Բաբաջանյան քոլեջի կամերային նվագախումբը գործում է 8 տարի` լարային գործիքների ամբիոնի դասախոս Արամ Հարությունյանի ղեկավարությամբ։ Նվագացանկում են տարբեր ժամանակաշրջանի և ժանրերի ստեղծագործություններ։

«Պատարագը հնչեցնելու գաղափարը խիզախում էր պատանի երաժիշտների համար` ի հաստատումն հանճարեղ նախնիների հզոր ժառանգության կրող լինելու պատասխանատվության, հանուն հայրենյաց նահատակված հայորդիների հիշատակին հավատարիմ մնալու վճռականության»,-  Panorama.am-ին փոխանցեցին Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջից։ 

Placeholder
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը