Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Իրավունք
10:57 03/05/2024
Հայաստան

Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են

Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրվա առթիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոր զեկույց է հրապարակել՝ ահազանգելով, որ կլիմայի փոփոխության հարցեր ու բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների նկատմամբ հետապնդումները, բռնություններն ավելացել են։ Վերջին 15 տարիների ընթացքում այս հարձակումների թիրախ է դարձել 749 լրագրող կամ ԶԼՄ ներկայացուցիչ։

«Մամուլն ու մոլորակը վտանգի տակ են. բնապահպան լրագրողների անվտանգությունը. միտումներ, մարտահրավերներ և առաջարկություններ» խորագրով զեկույցը կոչ է անում ուժեղացնել բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների պաշտպանությունը։

«Շարունակվող էկոլոգիական ճգնաժամի մասին առանց հավաստի տեղեկատվության մենք երբեք չենք կարող այն կախարգելել։ Սակայն լրագրողները, որոնք այդ թեմաներով հետաքննություն են իրականացնում ու մատչելի տեղեկատվություն տրամադրում, ամբողջ աշխարհում բախվում են անընդունելի մեծ ռիսկերի, իսկ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում  ապատեղեկատվության կլիմայի մասին։ Մամուլի ազատության միջազգային օրը մենք պետք է հաստատենք մեր հանձնառությունը մամուլի ազատությանն ու լրագրողների պաշտպանությանը ողջ աշխարհում»,-կազմակերպության գլխավոր քարտուղար Օդրե Ազուլը։

Զեկույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ 2009-2023 թվականներին առնվազն 749 լրագրողներ և ԶԼՄ աշխատակիցներ ենթարկվել են դատական հետապնդումների, ֆիզիկական բռնությունների, ձերբակալվել կամ կալանավորվել են,  առնչվել են կիբերհարձակումների կամ սպանվել են։ 2019-2024 թվականների  ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 300 հարձակում, ինչը 42 տոկոսով ավելի է, քան նախորդ հնգամյակում։ Զեկույցն ընդգծում է, որ խնդիրը գլոբալ է, հարձակումներ են տեղի ունենում աշխարհի բոլոր տարածաշրջանների 89 երկրներում։

Կազմակերպության հետազոտությունը ցույց  է տվել, որ վերջին 15 տարիների ընթացքում բնապահապանական խնդիրներ հետաքննող լրագրողների սպանության 44 դեպք է գրանցվել, որից միայն 5 դեպքով են պատշաճ քննություն իրականացվել։ Անպատժելիության ցուցանիշը ցնցող է՝ 90 տոկոս։ Զեկույցում նշվում է ֆիզիկական բռնության 353 դեպքի մասին։

Այս տարվա  մարտին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարցում է անցկացրել 129 երկրների ավելի քան 900 բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների շրջանում։ Լրագրողների 70%-ը հայտնել է, որ իրենց մասնագիտական աշխատանքի պատճառով ենթարկվել են հարձակման, սպառնալիքների կամ ճնշումների,  հինգից երկուսը ենթարկվել են ֆիզիկական բռնության։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կին լրագրողներն ավելի հաճախ են ենթարկվում առցանց բռնության, քան տղամարդիկ, ինչը հաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախորդ զեկույցը։

Ֆիզիկական հարձակումներից բացի, հարցված լրագրողների մեկ երրորդը նշել է, որ գրաքննության է ենթարկվել, իսկ գրեթե կեսը (45%) ասել է, որ ինքնագրաքննում է բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրենց հաղորդումները՝ վախենալով հարձակումներից, աղբյուրների բացահայտումից կամ այն ընկալումներից, որ իրենց հաղորդումները հակասում են շահագրգիռ կողմերի նպատակները:

Ֆիզիկական հարձակումների առավել հաճախ բախվում են այն լրագրողները, որոնք լուսաբանում են բնապահպանական բողոքի ցույցերը (196), հանքարդյունաբերության  ոլորտի խնդիրներ (142) և հողային հակամարտություններ, վեճեր (115),  ծառահատումներ և անտառահատումներ (83), եղանակային էքստրեմալ իրադարձություններ (56), աղտոտվածություն և շրջակա միջավայրի վնաս (54):

Նշենք, որ բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող ակտիվիստների, լրագրողների, փորձագետների նկատմամբ հետապնդումների դեպքեր առկա են նաև Հայաստանում։

Placeholder