Վերջին զանգի օրը որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. Ոստիկանություն
Իրավունք
13:48 23/05/2024
Հայաստան

Վերջին զանգի օրը որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. Ոստիկանություն

Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը:

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:

Իրավապահ այս մարմնից նշում են, որ ոստիկանության նպատակը հասարակական կարգի, քաղաքացիների անվտանգության ու օրվա տոնականության պահպանումն է լինելու:

«Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:

Շրջանավարտներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:

Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, ակնկալելով ձեր աջակցությունը, կոչ ենք անում միասնաբար անել առավելագույնը՝ տոնական միջոցառումները թեկուզ չնչին միջադեպով չմթագնելու համար»,-նշում են ոստիկանությունից։

Placeholder